Եգիպտոսի գլխավոր դատախազությունը «Մուսուլման եղբայրների» առաջնորդի ձերբակալման օրդեր Է տվել

Եգիպտոսի գլխավոր դատախազությունը հուլիսի 10-ին «Մուսուլման եղբայրների» առաջնորդ Մուհամեդ Բադիայի, ինչպես նաեւ շարժման երկու բարձրաստիճան ներկայացուցիչների ձերբակալման օրդեր Է տվել: Նրանց կասկածում են հուլիսի 8-ին Կահիրեում հանրապետական գվարդիայի կենտրոնակայանի մոտ զինվորականների հետ ցուցարարների բախումներին մասնակցելու մեջ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ալ Արաբիա» արբանյակային հեռուստաալիքին:

Այդ անկարգությունների ընթացքում զոհվել Է 51, տուժել ավելի քան 400 մարդ:

Այսօր իսլամիստական շարժման խոսնակ Մուհամեդ Սուդանը հայտարարել Էր, որ «Մուսուլման եղբայրների» ներկայացուցիչները Եգիպտոսի նոր կառավարության մաս չեն կազմի:

Ավելի վաղ Եգիպտոսի նախագահի պաշտոնակատար Ադլի Մանսուրը հանդես է եկել համընդհանուր հաշտության հասնելու նախաձեռնությամբ: Ի հաստատումն բարի մտադրությունների՝ ժամանակավոր նախագահի՝ ԶԼՄ-ների հարցերով խորհրդական Ահմեդ ալ Մուսլիմանին հայտնել է, որ նոր կառավարությունում նախարարական պաշտոններ են առաջարկված «Մուսուլման եղբայրներին»:

Պետության ղեկավարի դիվանատան՝ հուլիսի 9-ին հրապարակված հաղորդագրության համաձայն՝ Եգիպտոսի բոլոր քաղաքական ուժերին առաջարկվում է հավաքվել մահմեդականների համար սրբազան ամսվա՝ Ռամադանի առաջին շաբաթվա ընթացքում՝ «կանգնեցնելու արյունահեղությունը, հաղթահարելու պառակտումը եւ եգիպտոսցիներին ու հայրենիքին վերադարձնելու միասնության ոգին»: Մանսուրի նախաձեռնությունն ստացել է «Միասնական Եգիպտոս» անվանումը:

Խոսելով «Մուսուլման եղբայրներին» եւ սալաֆիական «Ան Նուր» կուսակցությունից մասնագետներին առաջարկված նախարարական պաշտոնների մասին՝ Ահմեդ ալ Մուսլիմանին նշել է, որ «դրա շուրջ արդեն բանակցություններ են ընթանում»: «Մենք ազգային միասնության կառավարություն ենք ստեղծում եւ հաշտության ենք ձգտում նախագահի նախաձեռնությանը համապատասխան»,- ասել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում