Հայաստանը, Արցախը լայնամասշտաբ պատերազմի շատ վաղուց են պատրաստվում. Տիգրան Աբրահամյան

Հայաստանը, Արցախը լայնամասշտաբ պատերազմի շատ վաղուց են պատրաստվում. Տիգրան Աբրահամյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՕԳՈՍՏՈՍԻ, Tert.am: Հայաստանի, Արցախի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արտաքին վտանգը ոչ միայն չի նվազել, այլ հատկապես վերջին տասնամյակում կայուն աճ է արձանագրել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Ըստ նրա՝ այս պայմաններում կանոնավոր բանակից բացի` Հայաստանն ու Արցախը պետք է ունենան մարտունակ պահեստազոր, որը ցանկացած պարագայում օպերատիվ կերպով կներգրավվի ցանկացած բնույթի օպերացիաներում:

-Պաշտպանության նախարարությունը e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է ներկայացրել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով սահմանվում են Երևան քաղաքում և մարզերում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի, պատերազմի վերսկսման վտանգն ավելացե՞լ է:

-Հայաստանը լայնամասշտաբ պատերազմի շատ վաղուց է պատրաստվում։ Մեր տարածաշրջանային իրադրությունը կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով մեծ թվով սպառնալիքներ է պարունակում, ինչը նշանակում է, որ մենք պետք է պատրաստ լինենք արտաքին թշնամիների ագրեսիայի տարբեր դրսևորումների։ Այս պայմաններում կանոնավոր բանակի բացի` Հայաստանն ու Արցախը պետք է ունենան մարտունակ պահեստազոր, որը ցանկացած պարագայում օպերատիվ կերպով կներգրավվի ցանկացած բնույթի օպերացիաներում։

-Աշխարհազորի կիրառումը ներառում է՝ մասնակցությունը ՀՀ սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, պայքարը հակառակորդի դիվերսիոն կամ ահաբեկչական կամ հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ: Դուք ասացիք` ՀՀ-ն վաղուց է լայնածավալ պատերազմի պատրաստվում, նմանատիպ կարգավորումներ նախկինում եղել են, հիմնականում նման խնդիր դրված է եղել պահեստազորի վրա:

-Հայաստանի կամ Արցախի նկատմամբ ագրեսիան ավտոմատ կերպով ենթադրում է պահեստազորի մասնակի կամ ամբողջական ներգրավվածություն։ 1994 թվականին կնքված հրադադարի համաձայնագիրն այդպես էլ ամբողջությամբ կյանքի չի կոչվել և ժամանակի ընթացքում պարզ է դարձել, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից արտաքին վտանգը ոչ միայն չի նվազել, այլ հատկապես վերջին տասնամյակում կայուն աճ է արձանագրել։ Այս իրավիճակը ենթադրում է անվտանգության քաղաքականության ուղղությամբ նոր վերանայումներ։ Այս օրինագիծը կարելի է ընդունել այդ տրամաբանության մեջ։ Ճիշտ է՝ այն դեռ մշակման, ամբողջացման մեծ ճանապարհ ունի, սակայն կարող է լավ փաստաթուղթ դառնալ և նպաստել մեր երկրի անվտանգության ամրապնդմանը։

-Ի՞նչ մեխանիզմներ են պետք աշխարհազորի արդյունավետ կիրառման համար: Նյութական ապահովման խնդիր առաջանալո՞ւ է:

-Առաջինը իրավական կարգավորումներն են, երկրորդ` կազմակերպչական, շատ կարևոր է հանրային դիսկուրսի կայացումն ու տեղեկատվական արշավը։ Ինչ վերաբերվում է նյութական ապահովմանը, ապա տրամաբանորեն ենթադրվող գործոն է, առանց դրա չի էլ կարող լինել։

Մեր անվտանգության հարցն է, պետք է անհրաժեշտ ռեսուրսներ ծախսել։

Հեղինակ` Անի Գևորգյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում