Սկանդալից հետո Լյուքսեմբուրգի վարչապետը պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել

Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան Կլոդ Յունկերը հուլիսի 11-ին պաշտոնաթողության խնդրագիր Է ներկայացրել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Անրիին, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով RTBF հեռուստառադիոընկերությանը:

Միապետի որոշումը ձեւական բնույթ Է կրում, եւ Եվրոպայի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ Լյուքսեմբուրգում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են նշանակվել հոկտեմբերի 20-ին: Յունկերի գլխավորած կառավարությունը նախընտրական շրջանում կշարունակի ժամանակավորապես կատարել իր պարտականությունները:

Յունկերը, որը 18 տարի զբաղեցրել Է նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնը, իր պաշտոնաթողության մասին հայտարարել Էր հուլիսի 10-ին: Վարչապետն այս հայտարարությամբ հանդես Է եկել այն սկանդալի ֆոնի վրա, որը կապված Է Լյուքսեմբուրգի հատուկ ծառայության գործունեության հետ: Հուլիսի 10-ին երկրի խորհրդարանում ներկայացվել Էր զեկույց, որը վկայում Է 2003-ից մինչեւ 2009 թվականն ընկած ժամանակահատվածում Լյուքսեմբուրգի պետության հետախուզության ծառայության (SREL) կողմից լիազորությունների վերազանցման բազմաթիվ դեպքերի մասին:

Հատուկ ծառայությունների գործակալներին մեղադրել են հեռախոսների անօրինական գաղտնալսման, ինչպես նաեւ կոռուպցիոն գործարքների եւ այլ իրավախախտումների կատարման մեջ: Ըստ որում նշվել Է, որ վարչապետն անմիջականորեն պատասխանատու Է Լյուքսեմբուրգի հետախուզության գործունեության համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում