Թուրքիան չի խզի հարաբերությունները Եգիպտոսի հետ

Թուրքիան մտադիր չէ խզել հարաբերությունները Եգիպտոսի հետ այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական CNN Turk-ը, այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը:

«Եգիպտոսի հետ մեր հարաբերությունները չենք խզել և խզելու մասին չենք էլ մտածում: Սպասում ենք, որ անհապաղ երկրում հասունանան հարմար պայմաններ ժողովրդավարության հաստատման համար»,- ասել է Թուրքիայի փոխվարչապետը: Նա միաժամանակ անդրադարձել է Եգիպտոսին ֆինանսական օգնություն տրամադրելու խնդրին և ասել. «Թուրքիան խոստացել է Եգիպտոսի տրամադրել 2 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով վարկ, և մենք հավատարիմ կմնանք մեր խոստմանը: Թուրքիան արդեն տրամադրել է մեկ միլիարդ ԱՄՆ դոլարը, իսկ մնացած գումարը կտրամադրենք առաջիկայում»:

Եգիպտոսի բանակի հրամանատարության կողմից երկրի նախագահ Մուհամեդ Մուրսին հուլիսի 3-ին հեռացվել էր պաշտոնից, մեկուսացվել իր շրջապատից և տեղափոխվել Պաշտպանության նախարարություն: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Մուրսին և նրա կողմնակիցները ձերբակալվել են և տարվել Անվտանգության ծառայության շենք: Եգիպտոսի սահմանադրական դատարանի նախագահին ժամանակավորապես հանձնվել են երկրի նախագահի լիազորությունները: Եգիպտոսի իսլամիստները չեն ընդունում նման որոշումը և պահանջում են, որպեսզի իշխանությունը վերադարձվի օրինական ընտրված նախագահին:

Թուրքիան հանդես է եկել Եգիպտոսի դեպքերի քննադատությամբ’ անընդունելի համարելով զինվորականության կողմից նախագահ Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելու որոշումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում