Ակցիա՝ Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

Ակցիա՝ Ջերմուկի քաղաքապետարանի դիմաց (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 22 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Tert.amԱմուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիա անցկացվեց Ջերմուկում։

Նշենք, որ Ամուլսարի պահապան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է․

«Սիրելի հայրենակիցներ, այս պահին ունենք կալանավորված Ջերմուկ համայնքի երեք բնակիչներ, որոնք տեղափոխվել են Երևան և նրանց մեղադրանքներ է առաջադրվում։

Այո՛, մենք չենք խրախուսելու ոչ մի բռնություն, բայց նաև չենք հանդուրժելու խտրական վերաբերմունքը։

Մեր կարծիքով խտրական է, երբ մոտ մեկ տարի առաջ Գնդեվազ գյուղում քաշքշուկի հետևանքով կալանավորվեցին Ջերմուկ համայնքի երեք երիտասարդներ։

Մեր կարծիքով խտրական է, երբ Լիդիանի պահնորդները մի քանի տասնյակ անձանցով ծեծի են ենթարկում Ջերմուկի բնակչին և նրան օգնության հասած ոստիկանին և դա մինչ այժմ չի արժանացել իրավական համարժեք գնահատականի։

Մեր կարծիքով խտրական է, երբ ասում են՝ օրերս ծեծկռտուք է տեղի ունեցել, բայց ԱՄՈՒԼՍԱՐԻ փրկության կողմնակիցներին են ձերբակալել և տեղափոխել Երևան։

Սիրելի պատվախնդիր ՀԱ՛Յ, այսօր մենք ինքնաբուխ կերպով, մեր ընտանիքներով դուրս ենք գալու Ջերմուկի տաքսիների կանգառ և մեր աջակցությունը հայտնենք կալանավորված քաղաքացիներին»։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Մասնավորապես՝ ցուցարարները «ռազբորկայի» են կանչել Ամուլսարում վերսկսված որոշ աշխատանքներում ներգրավված Գնդեվազի բնակիչներին և ըստ տեղեկությունների՝ ցուցարարները եղել են մահակներով զինված։ Տեղի է ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում