Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին

Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են. Երիցյանը՝ համաներման մասին

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, Aysor.am: Մասսայական վարկային արձակուրդ. այստեղ պետք է կողմնորոշվենք, որովհետև էական տարբերություն կա արձակուրդի և համաներման միջև, այն հանգեցնելու է շատ մեծ մակրոտնտեսական, ֆինանսական և բարոյական վնասների: Այդ մասին խորհրդարանական լսումների ժամանակ նշեց ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը:

Բարոյական ռիսկի մասով նա նկատեց՝ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ դա կարող է հանգեցնել մտածողության բացասական փոփոխության.

«Վարկառուները կսկսեն չվճարել՝ ենթադրելով, որ ապագայում ներվելու են։ Մեր սեփական փորձը նույնպես վկայում է հենց դրա մասին, երբ ժամանակին, եթե չեմ սխալվում՝ 2018 թվականին, բանկերը ներեցին խնդրահարույց վարկառուների տույժ-տուգանքները։ Հետո մեր հետազոտությունը ցույց տվեց, որ ներում ստացած մարդկանց խմբից նոր վարկային պարտավորություններ ստանձնածների հիսուն տոկոսից ավելին կրկին հայտնվել է նույն իրավիճակում»։

Նա նաև նշեց, որ բանկերը քաղաքացիներին ավանդի տոկոսավճարների տեսքով որպես եկամուտ տարեկան վճարում են շուրջ 140 միլիարդ դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսը.

«Մենք պարտավոր ենք հարցնել ավանդատուներին, թե արդյոք նրանք պատրաստ են հրաժարվել այդ եկամուտներից՝ ի օգուտ իրենց պարտավորությունները պատշաճ չկատարող վարկառուների»:

ԿԲ նախագահի տեղակալի խոսքով՝ երեք ամիս վարկերի գծով տոկոսավճարները զիջելը և ավանդատուների նկատմամբ պարտավորությունների կատարումը կհանգեցնի բանկերի մեծ մասի սննկացմանը, ինչը նշանակում է, որ ավանդատուները, անկախ իրենց կամքից, կորուստներ են կրելու:

Ներսես Երիցյանը նաև ընդգծեց, որ ցանկացած վարկ սպասարկող քաղաքացի, ով վարկային պարտավորություն է ստանձնել առանց իր բյուջեն գնահատելու, ընթացիկ ծախսերը կրճատելու, կամ ապագա եկամուտները ավելացնելու հեռանկարի, պնդելու է, որ վարկը բեռ է և ինքը ճկում է դրա տակ:

«Սակայն այդ նույն քաղաքացուն, եթե մենք հարցնեինք վարկ ստանալու պահին, ապա վստահ եմ, որ կասեր՝ վարկը բարօրություն է, քանի որ թույլ է տալիս լուծել իրենց այդ պահի խնդիրը»,- ասաց նա՝ ավելացնելով, որ վարկային արձակուրդները չեն կարող տևել երկար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում