Առողջական վիճակի համար ոչ պիտանի ճանաչված անձանց ծառայության զորակոչելը հանցագործություն է. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ առողջական վիճակի համար ոչ պիտանի ճանաչված անձանց ծառայության զորակոչելը հանցագործություն է, իսկ դրա մասին չհիմնավորված և իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների տարածումը’ քրեորեն պատժելի արարք: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը’ «Արմենպրես»-ի խնդրանքով մեկնաբանելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հայտարարությունը, որը Հովհաննիսյանի խոսքով, առանց որևէ փաստարկի է, անհիմն և չի համապատասխանում իրականությանը: «Զորակոչի ընթացքում ցանկացած զինակոչիկի հետ առարկայական խնդիրների դեպքում տարբեր հասարակական կառույցներ, այդ թվում նաև նշված գրասենյակը մեզ դիմել են և ստացել հստակ պատասխաններ: Ավելին, անթույլատրելի են այդ հայտարարության մեջ տեղ գտած որոշ գնահատականներ և ընդհանրացումներ, որակումներ, այդ թվում նաև’ Հայաստանի Զինված ուժերը վարկաբեկող բնույթի»,-ասաց ՊՆ մամուլի խոսնակը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարել էր, որ շարունակում է առողջական խնդիրներով ՀՀ տարբեր բնակավայրերից զինծառայողների հետ կապված ահազանգեր ստանալ ծնողների կողմից: Կազմակերպության հաղորդագրության մեջ ասվում է. «Վերստին ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ նրա համապատասխան ստորաբաժանումները շարունակում են անօրինական քայլեր իրականացնել զորակոչի գործընթացի ամբողջ ընթացքում՝ ՀՀ զինված ուժեր զորակոչելով լուրջ առողջական խնդիրներ ունեցող անձանց»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում