Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել

Պենտագոնը С-400 համակարգի փորձարկումից հետո Թուրքիային «լուրջ հետևանքների» նախազգուշացում է արել

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, Tert.am: Թուրքիայի կողմից ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգերի փորձարկումը սպառնում է լուրջ հետևանքներ ունենալ Անկարայի հետ երկկողմ հարաբերությունների համար, ինչի մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոնաթան Հոֆմանը:

Հոֆմանը հայտարարել է, որ ԱՄՆ ռազմական գերատեսչությունը խստագույնս դատապարտում է հոկտեմբերի 16-ին Թուրքիայի կողմից С-400 հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը, ինչը հաստատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է ekathimerini.com կայքը։

«Մենք հստակ և անսասան ենք եղել մեր դիրքորոշման մեջ. օպերացիոն С-400 համակարգը չի համապատասխանում պարտավորություններին, որոնք Թուրքիան ստանձնել է որպես ԱՄՆ և ՆԱՏՕ-ի դաշնակից: Դեմ ենք Թուրքիայի կողմից այս համակարգի փորձարկմանը, ինչը մեր անվտանգության հարաբերությունների համար լուրջ հետևանքներ կարող է ունենալ»,- նշել է Հոֆմանը։

Գլխավոր խոսնակը հիշեցրել է, որ Թուրքիային արդեն հեռացրել են F-35 ծրագրից և կրկնել, որ С-400-ը շարունակում է երկկողմ հարաբերությունների զարգացման համար զգալի խոչընդոտ լինել։

Նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել էր ավելի վաղ լրատվամիջոցներում տարածված ենթադրությունն առ այն, որ Թուրքիան փորձարկել է Ռուսաստանից գնված С-400 զենիթահրթիռային համակարգերը:

«Դա ճիշտ է: Այդ փորձարկումներն անցկացվել են և անցկացվում են»,- ասել էր Թուրքիայի ղեկավարը:

Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից այս առնչությամբ քննադատությանը՝ Էրդողանն ասել էր, որ Անկարան չի շարժվելու Վաշինգտոնի թելադրանքով:

«Այս պարոններն անհանգստացած են, քանի որ դա ռուսական զենք է: Բայց մենք վճռական ենք ու կշարունակենք այն, ինչ անում ենք»,-ասել էր նա:

ԱՄՆ-ն մտավախություն ունի, որ ռուսական համակարգերի ակտիվացումը կվնասի ՆԱՏՕ-ի պաշտպանությանն ու Ռուսաստանին կարող է հնարավորություն տալ տեղեկության հավաքել ամերիկյան ռազմական ոլորտի վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում