Ի՞նչ կփոխի տրանսպորտի սակագնի բարձրացումը սպասարկման ոլորտում

Երևանում ներքաղաքային տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ զուգահեռ կբարձրանա նաև սպասարկման որակը: Այս մասին հուլիսի 18-ին հրավիրված ասուլիսում հավաստիացրեց Երևանի քաղաքապետի խորհրդական Ալբերտ Գևորգյանը: «Սակագնի բարձրացումը կհանգեցնի քաղաքակիրթ սպասարկման: Մենք տնտեսվարող սուբյեկտից պահանջում ենք հավուր պատշաճի մատուցել փոխադրող ծառայություն: Այսինքն’ մեքենաները կծառայեն սարքին վիճակում, երեկոյան ժամերին ժամային ինտերվալը կպահ պանվի: Բացի դրանից, մինչև տարեվերջ կավելանա ևս 100 ավտոբուս, ինչի շնորհիվ մարդիկ կանգառներում երկար չեն սպասի»,- «Արմենպրես»-ի տեղեկացմամբ’ նշեց Ալբերտ Գևորգյանը:Քաղաքապետարանի պահանջների մեջ է մտնում նաև վարորդների արտաքին տեսքը: Տնտեսվարողներից պահանջվելու է ուշադիր լինել վարորդների արտաքին տեսքի և ուղևորի հանդեպ հարգալից վերաբերմունք դրսեւորելու նկատմամբ: Խիստ կդրվի նաև վարորդների ծխելու հարցը: «Տրանսպորտի ուղեվարձի սակագինը կավելացվի հուլիսի 20-ից, բայց դա չի նշանակում, որ այդ օրվանից էլ ամեն ինչ կիրագործվի: Այդ ամենը ժամանակի խնդիր է»,- ասաց քաղաքապետի խորհրդականը: Նրա խոսքով’ Երևանում վարորդական կազմի պակաս կա:

Հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման խնդիրն առաջացել է գազի սակագնի բարձրացումից հետո: Հուլիսի 7-ից ուժի մեջ են մտել գազի նոր սակագները’ ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին 156 դրամ՝ սպառված յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի համար, իսկ ամսական 10 հազար խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին’ 276.98 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Երևանի քաղաքապետարանը որոշել է միջքաղաքային տրանսպորտի սակագինը’ սահմանելով այն 150 դրամ միկրոավտոբուսների ու ավտոբուսների, և 100 դրամ’ տրոլեյբուսների համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում