Թրամփը հայտարարել է, որ երբեք չի ընդունի նախագահական ընտրություններում իր պարտությունը

Թրամփը հայտարարել է, որ երբեք չի ընդունի նախագահական ընտրություններում իր պարտությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.am: «Մենք երբեք չենք հանձնվի»,- հայտարարել է Թրամփը՝ ելույթ ունենալով Սպիտակ տան մոտ հավաքված տասնյակ հազարավոր կողմնակիցների առջև:

Թրամփն ընտրություններում ենթադրյալ խախտումներն անվանել է «վրդովեցուցիչ»։

ԱՄՆ նախագահը փոխնախագահ Մայք Փենսին վերստին կոչ է արել միջամտել Կոնգրեսում ընտրիչների ձայների հաշվարկի գործընթացին:

«Եթե Մայք Փենսն ամեն ինչ ճիշտ անի, մենք կհաղթենք ընտրություններում»,– հայտարարել է Թրամփը:

Նշենք, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի տասնյակ հազարավոր կողմնակիցները նախագահական ընտրությունների արդյունքների դեմ բողոքի ցույցեր են անցկացնում։

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը՝ որպես Սենատի նախագահ, այսօր պետք է Կոնգրեսի երկու պալատների հետ հաստատի նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքները։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով՝ նախագահական ընտրություններում հաղթել է դեմոկրատ Ջո Բայդենը, որը հավաքել է ընտրիչների 306 ձայն: Թրամփը չի ընդունում իր պարտությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում