Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մեզ առաջարկում է տնտեսական ինքնիշխանության կորուստ. Լիլիթ Թումանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մեզ առաջարկում է տնտեսական ինքնիշխանության կորուստ. Լիլիթ Թումանյան (տեսանյութ)

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՀնարավոր չէ Նիկոլ Փաշինյանի գործողությունները տրամաբանության և ադեկվատության ծիրի մեջ դիտարկել, դա անիմաստ է, նրա գործողությունները չեն տեղավորվում ո՛չ տրամաբանության, ո՛չ հավասարակշռության, ո՛չ խելամտության սահմաններում, նրա մասին պետք է դատել զուտ չոր փաստերից. այս մասին հրավիրված ասուլիսին հաայտարարեց «ArmNews FM» ռադիոընկերության տնօրեն, քաղաքական մեկնաբան Լիլիթ Թումանյանը:

Նա նշեց, որ կարևոր չէ, թե ինչ է ասվում, կարևոր է դիտարկել, թե ինչ է արվում. «Իսկ արվում է հետևյալը՝ Նիկոլ Փաշինյանը շարունակում է բավարարել Ադրբեջանի ժողովրդի շահերը և շարունակում է իրականացնել այն երազանքները, որոնց իրագործմանը տարիներ շարունակ չեն հասել Ադրբեջանն ու Թուրքիան, և խոսքը ոչ միայն վերջին 30 տարվա մասին է, այլ՝ վերջին 100 տարվա: Այսինքն՝ այն միջանցքը, որ հիմա Թուրքիան կապելու է Ադրբեջանի հետ, դա 100 տարվա երազանք էր, դա թշնամու շատ վաղեմի երազանքներից էր, որն այսօր իրականություն է դառնում»,- նշեց նա:

Լիլիթ Թումանյանն ընդգծեց՝ չի ուզում, որ Նիկոլ Փաշինյանը որևէ բան անի Հայաստանի համար, ո՛չ պաշտպանի, ո՛չ ներկայացնի: «Նրա փոխարեն Հայաստանը պաշտպանում է ՌԴ նախագահը, որովհետև նա է խոսում այն մասին, որ տարածաշրջանում դեռևս առկա է ահաբեկչական վտանգ, նա է խոսում ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, այսինքն՝ ազգերի ինքնորոշման իրավունքի մասին, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին, Պուտինն է խոսում, հիշեցնում հավասարաչափ շահերի ապահովման մասին, էլ ինչի՞ պետք է Փաշինյանը որևէ բան անի, եթե իրական գերտերության իրական ղեկավարն արդեն հոգ է տանում: Փաստացի Նիկոլ Փաշինյանն իր վարքագծով ի ցույց է դնում, որ ըստ էության, համաձայն է այն մտքի հետ, որ ինքն այլևս Հայաստանը չի ներկայացնում, որովհետև եթե մենք նայենք ամբողջ գործընթացին, այնտեղ կտեսնենք երեք կողմ՝ Ադրբեջան-Թուրքիա, Ռուսաստան և Նիկոլ, բայց ոչ Հայաստան: Այս պարգայում Նիկոլ Փաշինյանն ավելի շատ որպես սպասավոր է ներկայանում, սպասավոր, որը հույս ունի տնտեսական շահերի՝ կուշտ ստամոքսի սկզբունքով քիչ էլ երկարացնել սեփական իշխանությունը»,- ասաց նա:

Թումանյանի խոսքով՝ ակնհայտ է դառնում, թե ինչ է նա առաջարկելու մեր տղաների կյանքի, մեր հողերի, մեր ազգային արժանապատվության փոխարեն: «Առաջարկելու է երկաթգիծ, տնտեսություն, այն էլ դա մեքենայություն է, որովհետև փոխադարձ առևտուրը դա չի նշանակում տնտեսություն, փողոցում վաճառականի սեղանիկ դնելով՝ դու չես կարող քեզ համարել տնտեսվարող սուբյեկտ: Տնտեսվարող սուբյեկտը լինելու է Թուրքիան, Թուրքիան ու Ադրբեջանն են լինելու իրական շահույթ ստացողները»,- հայտարարեց նա:

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հիմա էլ մեզ առաջարկում է տնտեսական ինքնիշխանության կորուստ: «Նա մեզ անընդհատ կորուստներ է առաջարկում, ընդ որում՝ նա դա փորձում է թանկով վաճառել մարդկանց վրա՝ հաշվի առնելով նրանց տնտեսական վատ վիճակը: Նա շատ լավ հասկանում է, որ առաջիկա երկու տարվա ընթացքում տնտեսական լուրջ ցնցումներ են լինելու և ինչ-որ բան պետք է առաջարկի մարդկանց, սեփական ներուժ նա չունի, ՀՀ բյուջեն ծակ է: Ուստի պետք է ինչ-որ փողի հոսքեր առաջարկի, վարկ հնարավոր է այլևս չտրամադրեն, տակը մնում են թուրքական ապրանքներ, թուրքական առքուվաճառքը, որին Հայաստանը կարող է փորձել ինչ-որ վաճառականների միջոցով մասնակցել»,- հավելեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում