Մոտ ապագայում թուրք-ադրբեջանական կողմը կունենա Հայաստանի տարածքով անցնող երկաթուղի. Գոհար Մելոյան

Մոտ ապագայում թուրք-ադրբեջանական կողմը կունենա Հայաստանի տարածքով անցնող երկաթուղի. Գոհար Մելոյան

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, Tert.amՆիկոլ Փաշինյանը կրկին օրինականացնում է Ադրբեջանի գործողությունները՝ հաշվի չառնելով, որ թշնամու կողմից չի ապահովվում նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 8-րդ կետը և նստում է բանակցային սեղանի շուրջ, ստորագրում է տնտեսական բնույթի ինչ-որ անհասկանալի փաստաթուղթ, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը՝ խոսելով Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման ընթացքում ստորագրված փաստաթղթի և դրա համաձայն կառուցվող տրանսպորտային միջանցքների մասին:

«Խնդիրն այն է, թե արդյո՞ք մենք ունենալու ենք այդ երկաթուղին, որովհետև ինչպես երևում է թուրք-ադրբեջանական կողմի ակտիվությունից և աշխատանքներից՝ նրանք, հավանաբար, մոտ ապագայում կունենան Հայաստանի տարածքով անցնող երկաթուղի, բայց ինձ համար մեծ հարցական է՝ արդյո՞ք մենք կունենաք հայկական շահն ապահովող երկաթուղի. հայկական կողմին սպասարկող երկաթուղու կառուցումը և շահարկումը մեզ մոտ շատ հեռու լղոզված պատկերով է»,– ասաց նա:

Հիշեցնենք, որ Մելոյանն ավելի վաղ իր էջում գրել էր Ռուսական «Կոմերսանտ» լրատվական կայքի հրապարակման մասին, ըստ որի, երկաթուղու հավանական քարտեզում նշված է Երևանից Ռուսաստան ճանապարհը՝ Նախիջեւան-Մեղրի-Զանգելան-Ջաբրայիլ-Բաքու-Դաղստան:

Մելոյանն առաջին հերթին ընդգծեց, որ ներկայացված տեղեկությունը եռակողմ հանդիպումից արտահոսք կարելի է համարել և շատ կարևոր է այն հանգամանքը, որ ըստ ստացված պատկերի՝ բավական երկար քննարկում է տեղի ունեցել կողմերի միջև, սակայն հայ հանրությունը հերթական անգամ զուրկ է կարևոր մանրամասների վերաբերյալ տեղեկություն ստանալուց:

«Հայկական կողմը պատահական կերպով է ընթացող բանակցային կարևոր գործընթացի մասին տեղեկանում: Սրան զուգահեռ շատ կարևոր է գերիներին վերադարձնելու հարցը: Կրկին փաստաթուղթ ստորագրվեց՝ առանց հայկական կողմի կարևոր խնդիրը լուծելու: 120-ից ավելի գերիներ կան Ադրբեջանում, սակայն նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթղթի 8-րդ կետի համաձայն՝ կողմերը պետք է վերադարձնեին իրենց մոտ պահվող անձանց, ինչպես նաև ապահովել անհետ կորած անձանց որոնողական աշխատանքների իրականացումը: Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը չի իրականացնում այս կետը և ինչքանո՞վ է արդարացված, որ այս կարևոր հարցը չլուծված՝ հայկական կողմի ներկայացուցիչը ստորագրում է 9-րդ կետի կյանքի կոչման հերթական փաստաթուղթը»,- ասաց նա:

Սահմանադրագետը հիշեցրեց Փաշինյանի այն խոսքը, թե որևէ փաստաթուղթ չի ստորագրվելու, մինչև չլուծվի գերիների և անհետ կորածների հարցը: Ըստ նրա՝ ակնհայտ է, որ այս կերպ իշխանությունները պարզապես շահարկում են հասարակության հուզական վիճակը և որևէ լուծում չեն տալիս խնդրին: «Երրորդ կարևոր շեշտադրումն այն է, որ այս փաստաթղթով երկու հատկանշական հարց կա. նախատեսվում է երկու ուղղություն՝ Ադրբեջանից Նախիջևան երկաթուղու անցկացում և Երևանից Սյունիք: Ընդ որում՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան երկաթուղին ևս պետք է անցներ Սյունիքի մարզով և այս փաստաթուղթը ստորագրելով՝ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն է տալիս, որպեսզի կյանքի կոչվի երկու թուրքական պետությունների դարավոր երազանքը»:

Հրապարակված քարտեզի վերաբերյալ հաջորդ շեշտադրումը, ըստ Մելոյանի, իշխանականների կողմից շահարկվող տնտեսական շահի թեման է, սակայն դեռ հարցն օդում կախված է, և տնտեսական օգուտների վերաբերյալ որևէ բովանդակային փաստաթուղթ հանրությանը չի ներկայացվել:

«Այս կետի շրջանակներում ևս այլ՝ օդում կախված հարցեր են մնում. այս երկաթուղու կառուցումը հսկայական ֆինանսական բեռ է իրենից ենթադրում, հայկական կողմ արդյո՞ք ի վիճակի է այս բեռը վերցնել, եթե իրագործվելու է, ապա ի՞նչ ֆինանսավորումներով, որովհետև արդեն ստորագրված փաստաթուղթ կամ գուցե հայկական կողմի շահն այդպես էլ չիրագործված է մնալու, քանի որ իշխանության արբանյակները փորձում են հրամցնել, թե սա երեք կողմերի տնտեսական շահերից է բխում»,– ասաց նա:

Հաջորդ ամենակարևոր հարցը սահմանադրագետը համարում է տեղի ունեցող գործողությունների իրավական ընթացակարգ, որը, ըստ նրա՝ ևս խախտվում է: Նա արձանագրեց, որ սա արդեն երկրորդ փաստաթուղթն է, որը ստորագրում է Նիկոլ Փաշինյանը, սակայն ներպետական գործընթաց չի ընթանում:

«Չեն պատրաստվում նաև ապահովել Սահմանադրությամբ հաստատված պահանջների կատարումը: Երկու փաստաթղթի դեպքում էլ նախատեսվում է կողմերից կոնկրետ իրավունքներ և պարտականություններ: Դրանք իրենց բնույթով միջազգային պայմանագրեր են, իսկ միջազգային պայմանագիրը Սահմանադրության համաձայն՝ կոնկրետ վավերացման փուլեր ունի, պետք է ներկայացվի ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանեցնելու հարցը լուծելու համար, հետո ներկայացվի ԱԺ՝ վավերացնելու համար: Ինչպես առաջին՝ նոյեմբերի 9-ի պայմանագրի պարագայում, այդպես էլ հունվարի 11-ի պայմանագրի մասով տեսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի պատրաստվում պահել Սահմանադրությամբ նախատեսված մեխանիզմներն ու ընթացակարգերը»,– ասաց նա:

Անդրադառնալով հայկական կողմի գերիների հարցին՝ վերջինս նշեց, որ այս խնդիրը իշխանության կողմից անտերության է մատնվել, ինչը սա խոսում է այն մասին, որ հայկական կողմից այդ հայտարարություն ստորագրել է մի մարդ, որն ապահովում է թուրքական և ադրբեջանական շահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում