Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում

Ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, Panorama.amՀունվարի 17-ին «Շերեմետևո»-ի օդանավակայանում ոստիկանությունը բերման ենթարկեց Ալեքսեյ Նավալնիին, երբ վերջինս իր տիկնոջ՝ Յուլիայի, և իր մամլո խոսնակ Կիրա Յարեշի հետ ժամանեց Մոսկվա Գերմանիայից, ուր բուժում էր անցնում հիվանդանոցում՝ թունավորումից հետո: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ինտերֆաքսի փոխանցմամբ նա հետախուզման մեջ է 2020 թվականի դեկտեմբերի 29-ից` փորձաշրջանի բազմաթիվ խախտումների համար: Նրան դատապարտել էին պայմանական ազատազրկման: Դեռևս պարզ չէ, թե որտեղ է տեղափոխվել ընդդիմադիր առաջնորդը բերման ենթարկվելուց հետո:

«Մինչև դատարանի որոշումը նա կալանքի տակ կլինի», – ասված է մամուլի հաղորդագրության մեջ:

Դրանից առաջ Reuters-ը, վկայակոչելով «Պոբեդա» ավիաընկերության տեղեկությանը, հաղորդեց, որ Վնուկովո օդանավակայանը, որտեղ սպասվում էր Ալեքսեյ Նավալնիի ինքնաթիռի ժամանումը, փակ է թռիչքների ժամանման համար: Ինքնաթիռը վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում:

Ավելի վաղ, հղում անելով Նավալնիի աշխատակիցների՝ սոցիալական ցանցերում հայտարարություններին, Reuters-ը հաղորդել էր, որ Ռուսաստանի ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել Վնուկովո օդանավակայան ժամանած իր կողմնակիցներին: Ինչպես հաղորդվում է, ձերբակալվածների թվում են եղել Հակակոռուպցիոն հիմնադրամի (FBK) աշխատակիցներ Լյուբով Սոբոլը և Ռուսլան Շավեդդինովը, ինչպես նաև Անաստասիա Կադետովան, Իլյա Պախոմովը, Դմիտրի Բեսկորովայնին, Կոնստանտին Կոտովը և «Նովայա գազետա»-ի թղթակից Վլադ Դոկշինին:

Նավալնին կիրակի օրը Գերմանիայից վերադառձավ Ռուսաստան, չնայած Ռուսաստանի իշխանությունների կողմից նրան ձերբակալելու և, հնարավոր է, մի քանի տարի բանտարկելու սպառնալիքին:

«Նրանք ուզում են ինձ ձերբակալե՞լ: Ես անմեղ եմ», – լրագրողների հետ զրույցում ասել է Նավալնին՝ բարձրանալով դեպի Ռուսաստան թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում