«Փաստ». Այլոց սևացնելով՝ սեփական դեմքդ չես մաքրի

«Փաստ». Այլոց սևացնելով՝ սեփական դեմքդ չես մաքրի

«Եթե 2018 թվականի ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանը առաջնորդվում էր այն ընկալումով, թե ունի հանրության լայն աջակցությունը, ապա վերջին շրջանում վերջինս շատ արագ կորցնում է իր վստահությունը։ Եվ խոսքը միայն հետպատերազմական շրջանի մասին չէ: Վերջին մեկ տարում նրա վարկանիշն անընդհատ անկում էր ապրում: Իսկ խայտառակ պարտությունից հետո Փաշինյանի նկատմամբ բացասական վերաբերմունքն էլ ավելի է խորացել, թեպետ իշխանությունները փորձ են անում ցույց տալու, թե իրականությունն այլ է։ Զուգահեռ՝ Փաշինյանը շարունակում է նորանոր զիջումներ կատարել թուրք-ադրբեջանական կողմին նույնիսկ այն մասով, որոնց հետ կապված նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության մեջ որևէ խոսք անգամ չկար։

Օրինակ՝ հարց է առաջանում, թե ի՞նչ իրավապայմանագրային հիմքով են Սյունիքի մարզի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը տեղակայվել, որի արդյունքում մարզով անցնող ճանապարհները և բազմաթիվ բնակավայրեր խոցելի են դարձել։ Ու ամենևին պատահական չէր, որ սյունեցիները վերջերս փակեցին ճանապարհը և թույլ չտվեցին Փաշինյանին Սիսիանից այն կողմ անցնել։ Սա քաղաքացիների շրջանում Փաշինյանի նկատմամբ ահռելի դժգոհության ցուցիչներից մեկն է։ Ու պատահական չէ, որ վերջին շրջանում Փաշինյանն ընդհանրապես խուսափում է ժողովրդի հետ անմիջական շփումներից, անգամ ֆեյսբուքյան ուղիղ եթերներով հանդես չի գալիս։ Բայց այսպիսի իրավիճակը չի խանգարում, որ իշխանությունը իմիտացնի, թե շարունակում է վայելել ժողովրդի վստահությունը։

Սակայն իրենք էլ շատ լավ հասկանում են, որ այդ ամենը սոսկ իմիտացիա է և իրականության հետ կապ չունի: Հանրության մի մասին խաբել ու մոլորեցնել գուցե ստացվի, բայց իրենք իրենց խաբել հազիվ թե կարողանան: Սա չի կարող չանհանգստացնել իշխանություններին։ Իսկ այս պայմաններում նրանք ինչ-որ բաներ պետք է բեմադրեն իրենց դեմքը փրկելու նպատակով։ Դրա համար էլ պատահական չէ, որ իշխանական քարոզչամեքենան առավելապես կենտրոնացել է պարտության համար մեղավորներ փնտրելու և ընդդիմությանը սևացնելու վրա։ Եվ այստեղ «մարտի են նետվում» ֆեյքերը, մանիպուլյացիան և ապատեղեկատվությունը։ Զուգահեռ փորձում են իրականացնել «հակընդդեմ» քայլեր՝ ցույց տալու, թե իբր իշխանությունը պաշտպաններ ունի: Թեպետ նույնիսկ այստեղ են ծայրահղ ապաշնորհ:

Օրինակ՝ համացանցում պայթեց տեղեկություն, թե սյունեցիները փակել են ճանապարհը և թույլ չեն տվել 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների և նրանց թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը Սյունիք։ Սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ այդ օրը այց դեպի Սյունիք ընդհանրապես նախատեսված չի եղել։ Մասնավորաբար, Վազգեն Մանուկյանը Երևանում էր՝ իր գրասենյակում, Իշխան Սաղաթելյանն Արցախում էր, իսկ ԲՀԿ-ի ներկայացուցիչներն էլ օգնություն էին տարել Շուռնուխ գյուղ։ Թե ում ճանապարհն էին փակում կամ ինչ շոու էին անում, հարցը մնաց առկախ: Որոշ ժամանակ հետո լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ ակցիայի մասնակիցներն ուղղակի շփոթել են «Հայրենիքի փրկության շարժման»՝ Սյունիք կատարելիք այցի օրը։ Մի խոսքով, ապաշնորհության և արհեստականության իսկական թատրոն:

Հենց նույն տրամաբանության շրջանակում էլ փորձ եղավ իբր կանխել շարժման և Վազգեն Մանուկյանի այցը Գյումրի, երբ իշխանությունների կողմից ուղղորդված մի քանի քաղաքացիներ փորձել էին փակել նրանց ճանապարհը, բայց չէր ստացվել։ Ո՞րն է տրամաբանությունը: Եթե քաղաքացիները կարողանում են փակել «հանրության կողմից լայն աջակցություն վայելող» Փաշինյանի ճանապարհը և թույլ չեն տալիս այցելել Սյունիք, ապա իշխանությունները ինչ-որ կերպ պետք է ցույց տան, իբր թե ընդդիմությունը շատ վայրերում է նման դիմադրության հանդիպելու։

Բայց իշխանությունների այս ճիգերը չեն կարող արդյունք տալ. անգամ իրենց շարքերում պատգամավորների մեծ մասը կա՛մ լուռ է, կա՛մ էլ ամաչում է խոսել, մարդամեջ դուրս գալ, իսկ մի քանի «անհայրենիքների» պաշտպանությունը հազիվ թե կարողանա փրկել Նիկոլին ու իր թիմին: Կասկած չկա, որ միայն ուրիշներին սևացնելու արդյունքում ինքնահաստատվող իշխանությունները հանրության աչքից ավելի են ընկնելու։ Այլոց մրոտելու միջոցով դեմքդ մաքրել չես կարող»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում