«ԼՂ-ի շուրջ ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի պայմանավորվածությունները հետևողականորեն իրագործվում են»․ Պուտին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 27, Tert.am: Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունը, որը ստորագրվել է 2020 թվականի նոյեմբերին, հետևողականորեն իրականացվում է: Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը դադարեցնելու համար։
«Ինչպես հայտնի է, նոյեմբերին ստորագրվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարությունը։ Կարևոր է, որ այն մեծ հաշվով հետևողականորեն իրագործվում է։ Հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ դա ամենակարևորն է՝ լիակատար հրադադարի հասնելու և կայունացման գործընթացը սկսելու համար»,- ասել է Պուտինը։
Պուտինը նաև միջազգային հանրությունը կոչ է արել մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։
«Միջազային հանրության և, իհարկե, հակամարտության կարգավորմանը մասնակցող երկրների առջև դրված է Լեռնային Ղարաբաղի տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու, փախստականների վերադարձի, ավերված ենթակառուցվածքի վերականգնման, պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների պաշտպանության և վերականգնման հետ կապված մարդասիրական հարցերի լուծման խնդիրը»,– ասել է ՌԴ նախագահը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում