Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորմանը կառույցի աջակցությանն առնչվող հարցերը

Լավրովը ԵԱՀԿ գործող նախագահի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորմանը կառույցի աջակցությանն առնչվող հարցերը

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 1, Tert.amՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 2-ին Մոսկվայում բանակցություններ կվարի Շվեդիայի ԱԳ նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ան Լինդեի հետ, որն աշխատանքային այցով կժամանի Ռուսաստան: Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Լավրովն ու Լինդեն կքննարկեն հարցերի լայն շրջանակ ԵԱՀԿ օրակարգից, ինչպես նաև Բալթիկ ծովի և Եվրոպայի հյուսիսում անվտանգության հետ կապված իրավիճակը, համագործակցությունն Արկտիկայում, ռուս-շվեդական երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր»,– ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ կարծիքների փոխանակում տեղի կունենա եվրաանվտանգության և միջազգային իրավարար ինստիտուտների՝ վստահության ամրապնդման ձախողման շուրջ: Օրակարգում նշանակալի տեղ կգրավի ԵԱՀԿ դերակատարության հարցը միջազգային ահաբեկչության, թմրանյութերի անօրինական շրջանառության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, մարդկանց առևտրի դեմ պայքարում: Կողմերը կքննարկեն ԵԱՀԿ միջոցառումների նախապատրաստումը, համագործակցությունը ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ:

«Նախատեսվում է դիտարկել հարցերը, որոնք առնչվում են Ուկրաինայի արևելքում, Լեռնային Ղարաբաղում և Մերձդնեստրում հակամարտությունների կարգավորմանը ԵԱՀԿ աջակցությանը»,- հավելում են ՌԴ ԱԳՆ-ից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում