Ոչ պարենային ապրանքների գները հանրապետությունում աճել են

Ոչ պարենային ապրանքների գները հանրապետությունում աճել են

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Panorama.amՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով, ոչ պարենային ապրանքների գները 2021թ. հունվարին 2020թ. հունվարի համեմատ աճել են 5.5%-ով:

Այդ ժամանակահատվածում հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման և սպասարկման նյութերի՝ 0.2%, կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.3%, գորգերի և հատակի ծածկերի՝ 0.5%, ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու, տարբեր տեսակի կոշկեղենի՝ 0.6%, հագուստի, վառելանյութերի և քսանյութերի՝ 0.7%, կահույքի և կահավորանքի՝ 0.9%, կենցաղային փոքր էլեկտրական սարքերի, մաքրող, լվացող միջոցների՝ 2.6%, խոշոր կենցաղային սարքերի, ոսկերչական զարդերի՝ 2.9%, դեղագործական ապրանքների 4.6% գնաճ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ գրասենյակային պարագաների գները նշված ժամանակահատվածում մնացել են անփոփոխ:

2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են համապատասխանաբար՝ 3.1% և 3.8%-ով, իսկ 2020թ. հունվարի համեմատ արձանագրվել է 9.5% և 20.2% գնանկում:

Մատուցված ծառայությունների ոլորտում դիտարկվող ժամանակահատվածում արձանագրվել է սակագների 1.4% հավելաճ:

Մատուցված ծառայություններից համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է փոստային ծառայությունների ոլորտում (13.1%), ինչը պայմանավորվել է ծանրոցների առաքման ծառայությունների սակագների 16.3% հավելաճով:

Հրապարակված վիճակագրությունից պարզ է դառնում, որ 2021թ. հունվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ հմապատասխանաբար 2.2% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.4% և 0.2% հավելաճ:

2021թ. հունվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 521.2 դրամ, ինչը 8.8%-ով բարձր է 2020թ. հունվարի համապատասխան ցուցանիշից (479.2 դրամ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում