Նախագահին առաջարկել ենք չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Նախագահին առաջարկել ենք չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ նախագահին խնդրել ենք, որպեսզի իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:

«ՀՀ նախագահին ներկայացրել ենք մեր տեսակետը և խնդրել՝ որպես ՀՀ Սահմանադրության երաշխավոր, իր լիազորությունների շրջանակներում հանգուցալուծի մեր երկրում ստեղծված իրավիճակը: Արձանագրեցինք՝ առաջնահերթ է մեր պետական շահը: Նախագահը դեռ ունի հանդիպումներ և ավարտին մեզ կներկայացնի հստակ պատասխան»,- ասաց Վանեցյանը:

Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է «Հայրենիքի փրկության շարժման» 4 ներկայացուցիչների՝ Վազգեն Մանուկյանի, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանի, Արթուր Վանեցյանի և ՀՀԿ-ից ներկայացուցիչ Վահրամ Բաղդասարյանի հետ:

Նախագահը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է՝ այսօր հանդիպում է ունենալու գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ:

«Այսօր մեզ տեղեկացրել է՝ հանդիպելու է Օնիկ Գասպարյանի հետ, նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի հետ և անձամբ նրանցից լսելու է հայտարարության պահանջների մասին, բայց կա մի կոնսենսուս՝ Հայաստանը գտնվում է աննորմալ և ծայրահեղ ծանր կարգավիճակում»,- տեղեկացրեց Արթուր Վանեցյանը:

Նա հավելեց՝ իրենց դիրքորոշումը հստակ է, նախագահին առաջարկում են չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը: «Մեր դիրքորոշումը հստակ է, մենք առաջարկում ենք նախագահին չստորագրել Օնիկ Գասպարյանի ազատման դիմումը, դիմումը պետք է վերադարձնել Կառավարություն, որից հետո, եթե Կառավարությունը կրկին կդիմի նույն միջնորդությամբ, այդ դեպքում նախագահն իրավասու է այն ուղարկել ՍԴ՝ սահմանադրականությունը վիճարկելու համար»,– հավելեց նա:

Հիշեցնենք՝ երեկ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատում է աշխատանքից, իսկ այսօր «Հանուն հայրենիքի փրկության շարժման» անդամները հանդիպել են ՀՀ նախագահի հետ և բարձրաձայնել այդ հարցը՝ առաջարկելով չստորագրել այդ դիմումը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում