Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին

Ինչու էր դատարկ Աբու Դաբիի հայկական ռազմատեխնիկայի տաղավարը. նախարարը խոսեց սկանդալի մասին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանն ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին անդրադարձավ Աբու Դաբիում կայացած IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ռազմատեխնիկայի ցուցանմուշների շուրջ տեղի ունեցած սկանդալին։

«Ցուցանմուշները, որոնք լոգիստիկ խնդիրների պատճառով տեղ չեն հասել, ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների ընդամենը մի մասն են։ Դրանք էքսպոնատներն են, որոնք ըստ էության տեսք են տալիս ու նաև ապրանքի տեսքն են ներկայացնում ցուցահանդեսի տաղավարում։ Բայց որակումներ են հնչել, որ տաղավարը դատարկ է եղել։ Ես կարծում եմ այսպիսի որակումներից պիտի խուսափենք»,ասաց Արշակյանը` հավելելով, որ ցուցահանդեսի բովանդակային մասը դրան մասնակցած հայկական 14 ընկերություններն ապահովել են։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի հրամանով նշանակված ծառայողական քննությանը, Արշակյանը նշեց, որ այն չի ավարտվել ու խոստացավ արդյունքները տրամադրել խորհրդարանին։

Հարցը բարձրացրած պատգամավոր Կարեն Սիմոնյանը շեշտեց, որ ցուցահանդեսին մասնակցելու համար 200 000 դոլար գումար է ծախսվել։

«Եվ պատասխանատվությունն այս դեպքում կրում եք Դուք, ո՞ւմ եք ուզում պատժել»,– ասաց Սիմոնյանը։

Նախարարը կրկնեց, որ մեղավորներին կբացահայտի ծառայողական քննությունը, բայց և հավելեց. «Պատճառներից են պատերազմն ու COVID-ը, որոնց պատճառով մենք ուշ ենք սկսել նախապատրաստական աշխատանքները»,– ասաց նա։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում