Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա պատերազմի համար. Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ադրբեջանը հող է նախապատրաստում հետագա պատերազմի համար. Ռուբեն Սաֆրաստյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ցեղասպանության ճանաչման քաղաքականությունը դարձել է մեր ինքնության անբաժանելի մասը, և երբ Թուրքիան չի հրաժարվում Հայոց ցեղասպանության ժխտման, կեղծման քաղաքականությունից, և ցուցաբերում է ագրեսիվ մոտեցումներ, ապա այս պայմաններում, Թուրքիայի հետ հարաբերությունների լավացման քաղաքականությունը կլինի կոպիտ սխալ մեր կողմից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն՝ անդրադառնալով Հայաստանի իշխանության կողմից հնչող այն հայտարարություններին, որ Թուրքիայի հետ մեր հարաբերությունները պետք է վերանայել:

Թուրքագետը նշեց, որ ԱՄՆ այս անգամ բավական մոտ է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը վերջնական ավարտին հասցնելուն: Նրա համոզմամբ՝ այդ գործընթացը սկսվել է, երբ ամերիկյան Կոնգրեսը իր Ստորին և Վերին պալատներով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, և բավական մեծ նախանշաններ կան, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Բայդենն, այս անգամ գործընթացը ավարտին հասցնի, սակայն, իր համար անհասկանալի է թե ինչո՞ւ են Հայաստանի ղեկավարները Թուրքիայի հետ հարաբերությունների շտկման հայտարարություններով հանդես գալիս:

«ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կապված է ավելի լայն աշխարհաքաղաքական տեղաշարժերի հետ, որոնք տեղի են ունենում ամերիկյան քաղաքականության բնագավառում և դրանցից ամենակարևորը այն է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիայի նշանակությունը պակասում է, քանի որ ԱՄՆ-ի համար պակասում է Մերձավոր արևելքի նշանակությունը: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ ամերիկացիներն իրենց արտաքին քաղաքականության կենտրոնը տեղափոխում են Խաղաղ օվկիանոսի շրջանները, քանի որ իրենց հիմնական ախոյանը հանդիսանում է Չինաստանը, և աշխարհաքաղաքական փոփոխությունների այս ֆոնի վրա է, որ տեղի է ունենում ԱՄՆ-ի վերնախավի կողմից ձգտում՝ ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,- նշեց նա:

Սաֆրաստյանի կարծիքով՝ Հայաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար ակտիվություն ցուցաբերելը պետական քաղաքականության արտահայտում է, և Ամերիկայում գտնվող երկու լոբբիստական կազմակերպությունների կողմից տարիներ շարունակ շատ ակտիվ, լայնածավալ աշխատանքներ են տարվել այդ բնագավառում և 38 կոնգրեսականների դիմումը Բայդենի, հենց այդ գործունեության արդյունք է:

Հարցին, թե ի՞նչ վտանգներ է տեսնում Սյունիքում, այսօր ՄԻՊ-ը նշել է, որ Սյունիքի Արավուս գյուղի բնակիչներին ադրբեջանցիներն ասել էին լքել տարածքը, այլապես դրոն կուղարկեն, որ գյուղը ոչնչացնի, Սաֆրաստյանը պատասխանեց.

«Վերջին շրջանում Ադրբեջանն ուժեղացրել է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիվ հռետորաբանությունը, որն ուղղակի ագրեսիվ հռետորաբանություն չէ, նա հող է նախապատրաստում հետագա ագրեսիվ պատերազմի համար: Այս անգամ պատերազմը ուղղված կլինի Հայաստանի դեմ, որի հիմնական թիրախը կլինի Սյունիքը, որովհետև Սյունիքն ունի կարևորագույն նշանակություն թուրք -ազերիական տանդեմի համար: Միայն այն փասստն, որ Ադրբեջանում լայնորեն տարածվում են քարտեզներ, որտեղ Սյունիքը և Տավուշը ներկայացվում են որպես ադրբեջանական պատմական տարածք, դա վկայում է, որ հող է նախապատրաստվում ապագա պատերազմի համար և այս առումով մենք պետք է շատ զգույշ լինենք, և պատրաստ լինենք Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ամեն տեսակ ագրեսիվ գործողությունների»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում