Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան

Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է. Նաիրա Զոհրաբյան

Այն, որ Արցախը հանձնեցին և դա հասկացաք, դրա համար էլ հիմա Սյունիքում ունենք այս իրավիճակը։ ԱԺ ամբիոնից այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Այս մասին տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ը:

«Ադրբեջանական զինուժը Սյունիքում և Գեղարքունիքում առաջ է շարժվել։ Հիմա Շորժայում կրկին լարված իրավիճակ է։ Քիչ առաջ համայնքապետը փոխանցեց տեղեկատվություն։ Քիչ առաջ խոսել եմ Գորիսի քաղաքապետի հետ, իրավիճակը լարված է։ Որտե՞ղ է Պաշտպանության նախարարը։ Հասկանում եմ, որ Հյուսիսային պողոտայում լանչ է անում, երևի ժամանակ չունի այստեղ լինելու և պատասխանելու շատ կարևոր հարցերի։ Վարչապետն այս ամբիոնից օրեր առաջ հայտարարում էր, որ առաջնագծի կահավորման հետ որևէ խնդիր չունենք, առաջնագիծն իդեալական կահավորված է։ Որտե՞ղ էր մեր բանակը, որտեղ էր մեր զինուժը, որ 3.5 կմ ադրբեջանական զինված ուժերի 250 ներկայացուցիչ առանց մեկ կրակոցի, ճեմելով հատել է Հայաստանի պետական սահմանը, վերցրել են ռազմավարական նշանակություն ունեցող Սև լճի տարածքը, որի ջրային ռեսուրսից օգտվում է Գորիսը և հարակից ևս 9 բնակավայր»,- նշեց պատգամավորը։

Վերջինս նշեց, որ այս պահին Գորիսը և Սիսիանը գտնվում են ուղիղ ադրբեջանական նշանակետերի տակ։ Նաիրա Զոհրաբյանը հետաքրքրվեց, թե որտեղ է եղել մեր բանակը, որ հովիվը պետք է իրազեկեր՝ ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչները հատել են մեր պետական սահմանը։

«Մարզպետը մինչև վերջին պահը պնդում էր, որ որևէ ռիսկ և վտանգ չկա, մոլորված ադրբեջանցիներ են, երևի հետ կգնան։ ԱԱԾ-ն սպառնալից հայտարարություններ էր տարածում՝ մեզ մեղադրելով, որ խուճախ չտարածենք, ամեն ինչ վերահսկողության տակ է և միայն ԱԽ նիստում իմացանք, որ վիճակն օրհասական է։ Քիչ առաջ էլ փոխվարչապետը հայտարարում է, որ պետք է պատրաստ լինենք հնարավոր վատթարագույն զարգացումների։ Այսօր ըստ էության Սյունիքում պատերազմից 5 պակաս ենք և այստեղ չեն պատասխանատու մարդիկ, որ փակ կամ բաց ռեժիմով պատասխանեն կարևորագույն հարցերի»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորն ԱԳ փոխնախարարից նաև հետաքրքրվեց, թե ինչու գերեվարված չեն 250 ադրբեջանցիները որպես դիվերսանտներ՝ հաշվի առնելով, որ հատվել է ՀՀ պետական սահմանը. «Խնդրում եմ նաև պատասխանել այս հարցին։ Երեկ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածում, որտեղ մեզ հորդորում է խուճապի չմատնվել, հորդորում է լինել իրատես և ասում է, որ ամեն ինչ տեղի է ունենում նոյեմբերի 10-ին ստորագրված համաձայնագրի համաձայն։ Խնդրում եմ բացատրեք այդ համաձայնագրում մտնու՞մ էր ոտնձգությունը Հայաստանի սուվերենության, Հայաստանի պետական սահմանի նկատմամբ։ Այդ ի՞նչ քարտեզ է, որ նրանք գրկած ձևում են ՀՀ պետական սահմանը և առ այս պահը նրանց զինուժի թիվը մեծանում է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում