Գյումրու թատրոնը մենադրամայով Երեւան է գալիս
Նմանատիպ
Դերասանուհի Հասմիկ Սուվարյանի եւ ռեժիսոր Ռաֆայել Ասատրյանի «Հասմիկը» կներկայացվի Տիկնիկային թատրոնում
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Լյուդվիգ Հարությունյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ հունիսի 14-ին Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում՝ «Արմմոնոյի» շրջանակում կներկայացնեն իրենց թատրոնի մենաներկայացումը, որ «Հասմիկ» է կոչվում, դերասանուհին Հասմիկ Սուվարյանն է, ռեժիսորը Ռաֆայել Ասատրյանը, պիեսը Աստղիկ Սիմոնյանինն է:
«Անցյալ տարի մենք չմասնակցեցինք փառատոնի առցանց ձեւաչափին, ուրախ ենք, որ այս տարի մասնակցում ենք: Հաճելի է, որ փառատոնը շրջանակն ավելի է մեծացրել, եւ արդեն մարզային թատրոններն էլ են ներգրավված: Մենք համագործակցեցինք փառատոնի տնօրինության հետ եւ 2 ներկայացում խաղացինք Գյումրիում: Մեկը Նարինե Ալեքսանյանի «Նա» ներկայացումն էր, որը հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց: Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնն էլ իր դերասանուհու հետ մոնոներկայացումը հունիսի 14-ին խաղալու է Երեւանում: Պիեսի հեղինակը Աստղիկ Սիմոնյանն է, բեմական տարբերակն էլ կոչվում է «Հասմիկ»: Սա մենադրամա է: Թեման շատ հետաքրքիր է, իսկ երաժշտական ձեւավորումը մեր սիրելի մաեստրո Ռոբերտ Ամիրխանյանն է արել: Հուսամ՝ Երեւանում ինքը նույնպես ներկա կլինի»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը: Նրա խոսքով. «Նմանատիպ փառատոները մեծ հնարավորություն են տալիս միջազգային ասպարեզում դերասանին ընկալելու: Ինչ վերաբերում է «Հասմիկ» մենադրամային, այն Գյումրիում արդեն մեկ տարի է՝ խաղում ենք: Ներկայացումը ջերմ է ընդունվել, այն, ինչ դերասանուհին ու իր ռեժիսորը ներկայացնում են, շատ այսօրեական է, ներկայացման հասցեատերը եւ տղամարդիկ են, եւ կանայք, թեման դստեր եւ հոր հարաբերություններն են»:
Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավարը խոսելով իրենց թատրոնից, ասաց, որ 2020թ. համավարակով պայմանավորված՝ բարդ տարի էր բոլորի համար ու չնայած դժվարին ժամանակներին, մշակութային կյանքը չպետք է կանգ առնի:
«Մեր թատրոնն արդեն 2 պրեմիերա է ունեցել, 2021-ը սկսել ենք հյուրախաղերով, նոր ներկայացում բեմադրեցինք` Բաբկեն Զաքարյանի աշխատանքը: Ներկայացումը կոչվում է «Քեյս», այն ֆարս է երկու գործողությամբ: Բեմադրության հեղինակը ես եմ, այն մի քանի անգամ խաղացել ենք եւ կրկին ջերմ ընդունելության արժանացել, մայրաքաղաքում եւս առիթ ենք ունեցել խաղալու: Մեր «Հարսանիք թիկունքում» ներկայացումը կրկին բեմ է վերադարձել, խաղացել ենք Գյումրիում եւ Երեւանում, պատրաստվում ենք այլ ներկայացումներով էլ հանդես գալ Հայաստանի տարբեր մարզերում: Առաջիկայում սկսում ենք շատ մեծ ներկայացում` «Մաուգլին», որը ոչ թե մանկական է, այլ մեծերի համար, երաժշտական ձեւավորումը «Բամբիռինն» է: Մեր թատրոնը ցանկանում է այդ աշխատանքն ունենալ իր խաղացանկում, հատկապես որ «Մաուգլին» այսօր անհրաժեշտ է, որովհետեւ պետք է մոտենանք բնությանը, հոգատար լինենք միմյանց հանդեպ: Ասելիքս այն է, որ 2021-ին Գյումրու դրամատիկական թատրոնի խաղացանկը լինելու է ավելի դրական ու լավատեսական ներկայացումներով»,-ընդգծեց մեր զրուցակիցը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ Photoservice ANI-ի
Աղբյուր՝ Aravot.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում