Կրքերի մասին
Նմանատիպ
Սովորական մարդիկ մտածում են, թե ինչպես հաճելի անցկացնեն ժամանակը, իսկ ով մի քիչ տաղանդ ունի, մտածում է, թե ինչպես օգտագործի ժամանակը: Հաճելիի ձգտումը կապված է մարդու` երջանկության ձգտման հետ, որովհետև հաճախ մարդիկ, ինչպես որ անտիկ շատ փիլիսոփաներ, երջանկությունը նույնացնում են հաճույքի հետ: Երջանկության գիտության մեծ ուսուցիչ Էպիկուրը մարդկային կարիքները, կրքերը ճիշտ կերպով բաժանել է երեք մասի` 1. բնական և անհրաժեշտ կարիքներ, որոնք չբավարարվելու դեպքում տանջանք են պատճառում` ուտելիք, ապաստարան, հանգիստ, 2. բնական ոչ անհրաժեշտ կարիքներ, ինչպես օրինակ` սեռական կիրքը, սեռական բավարարվածության կարիքը, որը, սակայն, կենսականորեն անհրաժեշտ չէ անձի անհատական գոյության պահպանման համար, 3. ոչ բնական և ոչ անհրաժեշտ կարիքներ, որոնց բավարարումը առավել դժվար է, օրինակ` ճոխություն, շքեղություն և այլն: Նման բաժանում կա նաև եկեղեցական մեր հեղինակներից Առաքել Սյունեցու մոտ, ով ևս բնական կրքեր է համարում քաղցը, ծարավը, քունը, որոնք կամքը չի կարող խափանել: Առաքել Սյունեցին, մոտավորապես կրկնում է Էպիկուրի ասածը, ըստ որի բնական ոչ անհրաժեշտ կարիք է մարմնական ցանկությունը, քանզի հակառակ դեպքում անհնարին կլիներ կուսությամբ ապրելը:
Քրիստոս ապրեց մարդկային բնությանը անհրաժեշտ կրքերով` հեռու մնալով մեղքերից, ինչպես նաև բնական ոչ անհրաժեշտ և ոչ բնական և ոչ անհրաժեշտ կարիքների հակումից և դրանց բավարարումից` Իր օրինակով ցույց տալով, որ մարդը պետք է պարզապես օգտվի մարմնականից և հաճույք ստանա հոգևորից:
Տեր Ադամ քհն. Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից
Աղբյուր՝ Surbzoravor.am
Հետևեք մեզ նաև Telegram-ում