Ադրբեջանցիները թույլ չեն տվել Տեղ գյուղի բնակիչներին իրականացնել ցորենի բերքահավաք. Արման Թաթոյան

Ադրբեջանցիները թույլ չեն տվել Տեղ գյուղի բնակիչներին իրականացնել ցորենի բերքահավաք. Արման Թաթոյան

Այսօր ադրբեջանական զինծառայողները Խնածախ գյուղում հովվի անչափահաս երեխայի մոտից գողացել են 3 եղջերավոր կենդանի, իսկ Տեղ գյուղում խոչընդտել են ցորենի հավաքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին է ներկայացվել ադրբեջանական զինծառայողների կողմից ՀՀ Սյունիքի մարզում Խնածախ և Տեղ գյուղերի բնակիչների իրավունքների խախտման երկու ահազանգ։ Ահազանգերի հիման վրա պարզվել է՝

Խնածախ գյուղի հովիվը ՀՀ տարածքում գտնվող արոտավայրերում 2021թ. հուլիսի 6-ին, ինչպես արել է միշտ, արածեցրել է գյուղի երկու ընտանիքի պատկանող 40 խոշոր եղջերավոր կենդանի: Հովվին օգնել է նաև նրա 13-ամյա երեխան:

Առավոտյան ժամը 06:00-06:30-ի սահմաններում խոշոր եղջերավոր կենդանիներից 3-ը մոտեցել են ադրբեջանական զինված ուժերի տեղակայման վայրին: Այդ կենդանիների մոտ է գտնվել երեխան, ով փորձել է թույլ չտալ, որպեսզի նրանք ադրբեջանական դիրքին մոտենան: Ադրբեջանական զինծառայողները, սակայն, իրենք են առաջ եկել դեպի կենդանիները և գոռգոռոցներով ցույց տալով իբր դա իրենց տարածքն է՝ գողացել են կենդանիներին և քշել իրենց կողմը՝ դեպի խորք:

Պարզված տվյալների համաձայն՝ ադրբեջանական զինծառայողների հափշտակության մասին հովիվն անմիջապես տեղեկացրել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարին: Ահազանգը ստանալուց հետո վերջինն անմիջապես կապ է հաստատել ՀՀ Զինված ուժերի առաջին բանակային կորպուսի և ռուս խաղաղապահների հետ, որից հետո ձեռնարկված քայլերով է միայն հնարավոր եղել խոշոր եղջերավոր կենդանիները վերադարձնել հովվին:

Մյուս միջադեպը վերաբերում է Տեղ գյուղի բնակիչների իրավունքների խախտմանը: Մասնավորապես, այսօր գյուղի բնակիչները գյուղատնտեսական տեխնիկայով գնացել են գյուղի մոտակա տարածք՝ նախորդ տարում իրենց իսկ ցանած ցորենի բերքահավաքի համար: Սակայն ադրբեջանական զինծառայողները, տվյալ տարածքը դիտարկման ներքո պահելու հետևանքով, թույլ չեն տվել ցորենի հավաքը։

Գյուղերի բնակիչների տեղեկությունները Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը ստուգել է Տեղ խոշորացված համայնքի ղեկավարի, բնակիչների հետ քննարկումներով: Առաջին միջադեպի հետ կապված՝ հրապարակումներ են եղել նաև մի շարք լրատվամիջոցներում:

Ադրբեջանական զինծառայողների այս հանցավոր արարքներն ուղղված են ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի, սեփականության և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելուն:

Այս ամենն անհրաժեշտ է դիտարկել շարունակվող դիտավորության մեջ, քանի որ ադրբեջանական զինծառայողները նույնատիպ արարքներ (կենդանիների գողություններ, խոտքաղ իրականացնելու խոչընդոտներ և այլն) պարբերաբար իրականացնում են թե՛ Գեղարքունիքի, թե՛ Սյունիքի գյուղերի բնակիչների նկատմամբ:

ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների համար անվտանգության ակնհայտ խնդիր լինելուց բացի, այս արարքները նպաստում են բնակիչների սոցիալական խնդիրների խորացմանը:

Այս միջադեպերը հերթական անգամ հաստատում են, որ ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից ՀՀ բնակչության պաշտպանության նպատակով բացարձակ հրատապությամբ անհրաժեշտ է ստեղծել անվտանգության գոտի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում