Արցախը մեծ վտանգի տակ։ Ադրբեջանի պահանջներն ու Հայաստանի լռությունը

Արցախը մեծ վտանգի տակ։ Ադրբեջանի պահանջներն ու Հայաստանի լռությունը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հերթական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ մեղադրում է ՀՀ իշխանություններին 2020թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները խախտելու և Արցախում զինված ուժերի անձնակազմ տեղակայելու մեջ։ Ըստ ադրբեջանական պաշտպանական գերատեսչության, Մխիթարաշեն և Շոշ գյուղերի ուղղությամբ հայկական զինված ուժերը նոր դիրքեր են տեղակայել, ինչպես նաև Արցախի տարբեր հատվածներում զորքի վերադասավորումներ իրականացրել։ Ադրբեջանցիները պահանջում են Ռուսաստանից թույլ չտալ հայկական կողմին նման գործողություններ իրականացնել՝ շարունակ նշելով, որ ռուսական խաղաղապահ զորքերն էլ են ժամանակավոր գտնվում Արցախում։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության այս հաղորդագրության մեջ կարևոր ուղերձներ կան, որոնք հայկական կողմն իրավունք չունի անպատասխան թողնել։

Նախ, ակնհայտ է, որ պաշտոնական Բաքուն ամեն կերպ չնկատելու է տալիս թեկուզ և խոցված, բայց այնուամենայնիվ դեռևս կանգուն Արցախի Հանրապետության գոյության փաստը։ Իր մոտեցումներում և գնահատականներում Ադրբեջանը խոսում է բացառապես ՀՀ և ՌԴ քաղաքական սուբյեկտների մասին։ Արցախը որպես սուբյեկտ նրանք չեն դիտարկում, ավելին՝ ամեն կերպ փորձում են շեշտել, որ Արցախն ամբողջությամբ գտնվում է իրենց վերահսկողության տակ։ Այդ հարցում, գոնե թե հանրային խոսույթում, ադրբեջանական կողմը միայն մեկ խնդիր է տեսնում՝ ռուս խաղաղապահների ներկայությունը, որը, սակայն, նրանք ժամանակավոր երևույթ են համարում։

Ելնելով այս ամենից՝ ադրբեջանցիները, խոսելով Արցախի Պաշտպանության բանակի ստորաբաժանումների մասին, նրանք ասում են ՀՀ զինված ուժեր։ Եվ սա կարևոր հանգամանք է, որին հայկական կողմը պետք է արձագանքի։ Չի կարելի թույլ տալ, որ նման գնահատականներով Ադրբեջանը կարողանա իրապես չեզոքացնել Արցախի և նրա ռազմաքաղաքական իշխանությունների դերակատարումը հայկական երկրորդ պետության հետագա ճակատագրի որոշման գործում։

Երկրորդ, Ադրբեջանը ակտիվորեն հող է նախապատրաստում՝ մի քանի տարի անց Արցախից ռուսական խաղաղապահ ուժերը դուրս բերելու համար։ Նրանք անընդհատ նշում են, որ դա ժամանակավոր երևույթ է և շուտով ռուսական կողմը կհեռանա Արցախից։ Հասկանալի է, որ առկա պայմաններում նման զարգացումը որևէ կերպ չի կարող բխել հայկական կողմի շահերից։ Ռուս խաղաղապահները հայկական երկրորդ պետության անվտանգության կարևոր երաշխավորներ են և նրանք պետք է մնան Արցախում այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ կլինի հենց հայկական կողմին։

Մինչդեռ մենք տեսնում ենք, որ պաշտոնական Երևանը ոչինչ չի անում Ադրբեջանի կողմից նախաձեռնած և Արցախի համար վտանգավոր հետևանքներով հղի այդ քննարկումներին վերջ տալու համար։ ՀՀ իշխանություններն ընդհանրապես որևէ բովանդակային արձագանք չեն տալիս Ադրբեջանի՝ շատ հեռու գնացող նպատակներով հայտարարություններին։ Եվ սա առնվազն տարակուսելի է։

Լավ, հասկացանք, որ պատերազմում հայկական կողմը ցավալի պարտություն է կրել և շատ հարցերում մեր հնարավորությունները սահմանափակ են։ Հասկացանք նաև, որ ՀՀ կապիտուլյանտ իշխանությունները Ալիևին ու նրա վարչակազմին ամեն կերպ մեզ իրենց կամքը պարտադրելու հնարավորություն են տվել։ Բայց որքա՞ն կարելի է սա հանդուրժել։ Այսպես եթե շարունակվեց, ընդամենը երկու-երեք տարի անց հայկական երկու պետությունների մասին էլ անցյալ ժամանակով ենք խոսելու։ Սա ցավալի, բայց բազմիցս իր ճշմարտացիությունն ապացուցած օրինաչափություն է, որից պարզապես չենք կարողանալու խուսափել։

Սոս ՍԱՀԱԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում