Հայաստանի ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Լավրովի այսօրվա հայտարարություններին

Հայաստանի ԱԳՆ-ն պարտավոր է արձագանքել Լավրովի այսօրվա հայտարարություններին

Ռուսաստանը նոր հնչեղություն է տալիս հայ-թուրքական հաշտեցման գործընթացին։ Սա արդեն ավելի քան ակնհայտ է։ Երկու օրվա ընթացքում ՌԴ ԱԳՆ-ն՝ սկզբից մամուլի խոսնակի, ապա նաև արտգործնախարարի մակարդակով խոսել է այդ թեմայի մասին՝ հատուկ նշելով, որ Ռուսաստանը ամեն կերպ կաջակցի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Times.am-ը, «Նոր գիտելիք» կրթական մարաթոնի ժամանակ Սերգեյ Լավրովն այսօր հերթական անգամ անդրադարձել է այդ թեմային՝ պատմելով, թե ինչ խորհուրդներ էր տալիս նա 2009թ. ՀՀ այն ժամանակվա արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին։ Նշված ելույթի ընթացքում ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարը պատմել է, որ ֆուտբոլային դիվանագիտությունն այն ժամանակ տապալվեց Արցախի խնդրի պատճառով։

Շարունակելով միտքը՝ ՌԴ ԱԳ նախարարը հավելել է. «Հիմա, երբ ԼՂ-ում պատերազմն ավարտվել է, կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հիմքերը, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն ջանքերը հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»:

Եվ ահա Լավրովի այս միտքն է, որ առանձնահատուկ ուշադրության է արժանի։ Բանը նրանում է, որ Արցախում պատերազմի ավարտի մասին հիմնականում խոսում է ադրբեջանական կողմը։ Ալիևն արդեն քանի ամիս է փորձում է համոզել, որ կոնֆլիկտը սպառված է, քանի որ իրենք այն լուծել են ռազմական ճանապարհով։ Մինչդեռ իրականում հակամարտող կողմերը խաղաղության պայմանագիր չեն կնքել, ինչը նշանակում է, որ պատերազմն էլ որպես այդպիսին ավարտված չէ։

Արցախի հարցը շարունակելու է գոյություն ունենալ այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիների ինքնորոշման իրավունքը չի ճանաչվի միջազգային հանրության, այդ թվում նաև Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից։ Եվ սա պետք է լինի հայկական պետությունների՝ անընդհատ կրկնվող ու պահանջվող ուղերձը ամբողջ աշխարհին։ Հետևաբար չի կարելի թույլ տալ, որպեսզի ադրբեջանական դիրքորոշումը՝ այն է պատերազմի ավարտված լինելու մասին կեղծ թեզը, դառնա միջազգային շրջանակաների համար ընդունելի մի երևույթ։ Հայաստանի արտգործնախարարությունը պարտավոր է արձագանքել Ս. Լավրովի հիշատակված գնահատականին և ամեն ինչ անել, որպեսզի Արցախի կարգավիճակի խնդիրը դառնա հակամարտության կարգավորման և ընդհանրապես տարածաշրջանային զարգացումների օրակարգի թիվ մեկ խնդիրը։

Սևակ ՄՈԿԱՑԻ

Հետևեք մեզ նաև Telegram-ում