Կ. Տեր-Նակալյանը հեռանում է Blognews.am-ից

Կ. Տեր-Նակալյանը հեռանում է Blognews.am-ից

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 24, Times․am: Blognews.am-ի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է կայքից հեռանալու մասին։

«Սիրելի ընկերնե՛ր, հետևորդնե՛ր և անծանոթ մարդի՛կ, պետք է խոստովանեմ, որ այս գրառումը լինելու է բավականին սենտիմենտալ, որովհետև այն վերաբերում է գիտակից կյանքիս շուրջ մեկ-երրորդ մասը կազմող փուլին, իսկ ավելի ճիշտ՝ այդ փուլի ավարտին։

10 տարի առաջ այս օրերին 4 երիտասարդ մարդիկ, որոնց թվում նաև 24-ամյա Կոստյան, կյանքի էին կոչում մի մտահաղացում, նույնիսկ կարելի է ասել՝ էքսպերիմենտ, որը հետագայում պետք է դառնար համացանցի հայկական սեգմենտի նշանակալից և շրջադարձային մի արար։ Այո՛, BlogNews.am-ի հիմնադրումից անցել է արդեն 10 տարի։ Տարբեր փուլերով է անցել BlogNewsը, տարբեր փոփոխությունների է ենթարկվել ու ի՞նչ խոսք, ձեր խոնարհ ծառան էլ նույնը չէ, ինչ 24 տարեկանում էր։

Ես գիտեմ, որ շատ մարդիկ կան, որ խիստ դժգոհել են ու դժգոհում են BlogNewsից, նույնիսկ կան այնպիսիք, որ ատում են այն, բայց կարծում եմ, որ ոչ ոք չի հերքի այն, որ BlogNewsը փոխել է համացանցի հայկական սեգմենտի դեմքը ու այս 10 տարիների ընթացքում շատ լավ բաներ է արել, պետությանն էլ օգտակար է եղել, հատկապես՝ կարևորագույն այնպիսի պահերի, ինչպիսին էր օրինակ՝ Ապրիլյան Պատերազմը։

Այնուամենայնիվ, եկեք շատ չընկղմվենք պատմական էքսկուրսի մեջ, որովհետև այս գրառումը BlogNewsի մասին չէ, այլ՝ իմ։ Եվ այսպես, 10 տարի լինելով BlogNewsի թիմում, 2016-ի ամռանից ղեկավարել եմ այն, որպես գլխավոր խմբագիր, իսկ 2019-ից նաև հանդիսացել եմ BlogNewsի սեփականատերը, բայց ժամանակը եկել է, որպեսզի իմ կյանքի այս փուլը փակեմ և անցնեմ առաջ։ Սա ոչ էմոցիոնալ որոշում է, ոչ էլ՝ ինչ-ինչ զուտ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված որոշում։

Կար ժամանակ, երբ BlogNewsը ու Կոստյան ներդաշնակ էին ու ինչ-որ տեղ՝ փոխլրացնող, ի վերջո, շատերդ ինձ հենց որպես BlogNewsի Կոստյա էլ ճանաչում էիք։ Հիմա մենք՝ ես ու BlogNewsը էլ նման սիմբիոզի մեջ չենք։ Առավելապես՝ ես։ Պատճառներից մեկն այն է, որ ես արդեն 34 տարեկան եմ և աշխարհընկալումս էապես տարբերվում է 24 տարեկանում ունեցածիցս։ Մեկ այլ պատճառ է այն, որ երկիրն ու հայկական համացանցն են փոխվել՝ բերելով նոր մարտահրավերներ ու նոր հնարավորություններ։

Սակայն առավել էական պատճառն այն է, որ ճահճացումը լավ բան չէ։ Ոչ ինձ համար, ոչ էլ իմ детище դարձած BlogNews-ի համար, որին, ինչպես նշեցի, տվել եմ ապրած կյանքիս երրորդ մասը։ BlogNews-ը պետք է մնա, թարմանա, զարգանա և առաջ գնա։ Ես էլ։

Ուստի, նախևառաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել BlogNewsի համահիմնադիր ու առաջին ղեկավար Արամ Անտինյանին, ում հետ պատիվ ունեմ կանգնած լինելու BlogNewsի ստեղծման ակունքներում և ով վստահեց ինձ «նավի» ղեկը 2016ին։ Արամի հետ մենք ավելի քան 10 տարվա ընկերներ ենք, բայց ես նրանից նաև շատուշատ բաներ եմ սովորել գործնական ոլորտում՝ ադմինիստրատիվ կառավարումից, թիմային մենեջմենթից, մինչև՝ ժամանկին հեռանալը՝ վստահելով քեզանից հետո եկողին ու թիմին։

Շնորհակալ եմ իմ թիմի բոլոր անդամներից՝ ներկա ու նախկին, որովհետև նախկինում էլ, հիմա էլ և վստահ եմ՝ ապագայում էլ BlogNews-ը թիմային աշխատանքի արգասիք է ու կլինի։ Բոլորիցդ շնորհակալ եմ, երեխե՛ք։

Այսուհետև BlogNews-ի ղեկավարությունն անցնում է մեր մյուս համահիմնադրին, ով ևս առաջին օրվանից եղել է մեր նավում։ Շատերդ նրան ճանաչում եք, շատերդ չեք ճանաչում, որովհետև ինքը խուսափում էր հանրայնության այն աստիճանից, որ ունեինք ես ու Արամը, բայց հավաստիացնում եմ՝ BlogNews-ը ու հատկապես՝ դրա լավագույն կողմերը այն չէին լինի, եթե չասենք, որ առհասարակ չէին լինի, եթե չլիներ նա՝ Կարեն Անտինյանը: Այնպես որ, դիմավորեք, հարգեք, սիրեք ու քաջալերեք BlogNews-ի թվով երրորդ ղեկավարին՝ Կարենին։ Քեզ բարի ընթացք ու մեծ ձեռքբերումներ եմ մաղթում, թող մեր համատեղ ձեռնարկը քո ղեկավարման օրոք լինի ավելի լավը քան երբևէ։ Վստահ եմ, որ սա ոչ թե մաղթանք է, այլ՝ իրատեսական կանխատեսում։

Հարգանքներով

Արդեն ոչ BlogNewsի, այլ պարզապես՝ Կոստյա»,-գրել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում