ՀՀ քաղաքացիներին միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի փորձերին Ինտերպոլի կողմից ընթացք չի տրվում. ՀՀ Դատախազություն

ՀՀ քաղաքացիներին միջազգային հետախուզում հայտարարելու Ադրբեջանի փորձերին Ինտերպոլի կողմից ընթացք չի տրվում. ՀՀ Դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, Times․am: Դեռևս 2017 թվականից Հայաստանի Հանրապետության դատախազությունը ՀՀ իրավասու մարմինների ու օտարեկրյա գործընկերների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից քաղաքական շարժառիթներով և ազգային պատկանելիության հիմքով նախաձեռնված հետախուզման փորձերը կանխելու և ձախողելու ուղղությամբ։ Այս մասին, Times.am-ի հարցմանն ի պատասխան, թե ինչպես է հայկական կողմը պաշտպանում Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզման հայտարարված ՀՀ քաղաքացիների շահերը, նշել են ՀՀ դատախազությունից։

«Նման փորձերի վերաբերյալ տեղեկատվություն ստացվելու յուրաքանչյուր դեպքում ՀՀ դատախազության կողմից կատարվում են համապատասխան ստուգումներ ու ձեռնարկվում միջոցներ դրանք կանխելու ուղղությամբ», – նշված է Դատախազության՝ մեր կայքին տրված պատասխանի մեջ։

Հիշեցնենք՝ հունվարի վերջին Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը հայտարարել էր, որ մինչ այս պահը Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել 297 հայերի նկատմամբ, որոնք մեղադրվում են «ռազմական հանցագործություններ կատարելու մեջ»։ Վերջինս նշել է, որ Ադրբեջանի զինվորական դատախազությունն ավարտել է նախաքննությունը 297 հայ զինծառայողների նկատմամբ, որոնց արդեն մեղադրանք է առաջադրվել։ Թշնամի կողմը նրանց մեղադրում է «ցեղասպանության», «տանջանքների», «պատերազմի օրենքների խախտման», «միջազգային հումանիտար իրավունքի նորմերի խախտման» և նմանատիպ այլ հոդվածներով կատարված հանցանքների մեջ։

ՀՀ դատախազությունը վստահեցնում է, որ նշված այս տեղեկատվության կապակցությամբ ևս ձեռնարկվել են կանխարգելիչ միջոցառումներ։ «Յուրաքանչյուր դեպք հաստատվելուն պես հետագայում ևս կձեռնարկվեն ՀՀ դատախազության կողմից նախօրոք մշակված համապատասխան քայլեր հետախուզման հարցումների փորձերը ձախողելու նպատակով», – նշում են Դատախազությունից։

«Միևնույն ժամանակ, հարկ ենք համարում նշել, որ նման խնդիրների լուծման ուղղությամբ Ինտերպոլի Գլխավոր քարտուղարության հետ իրականացվող աշխատանքների արդյունքում Ադրբեջանի կողմից միջազգային հետախուզում հայտարարելու փորձերի կապակցությամբ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ձևավորվել է դիրքորոշում՝ այդ գործերով հարցումները Ինտերպոլի կանոնադրության 3-րդ հոդվածին չհամապատասխանող ճանաչելու վերաներյալ, հետևաբար՝ նմանատիպ որևէ հարցման Ինտերպոլի գլխավոր քարտուղարության կողմից ընթացք չի տրվում», – Times.am-ի հարցմանն ի պատասխան նշել է ՀՀ դատախազությունը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում