Սյունիքում ինչ-որ տարածքներ թուրքերին զիջած իշխանությունը, նաև Արցախը կզիջի ռուսներին․ «Հրապարակ»

Սյունիքում ինչ-որ տարածքներ թուրքերին զիջած իշխանությունը, նաև Արցախը կզիջի ռուսներին․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 11, Times․am: «Հրապարակ» թերթը գրում է. «Շատ շուտով Հայաստանը կդառնա իսկապես «ժողովրդավարական» երկիր: Այնպիսի երկիր, ինչպիսին երազում է տեսնել Նիկոլ Փաշինյանը: Իսկական իդիլիա կտիրի մեր երկրում: Կառավարությունը որոշումներ կընդունի եւ օրենքներ կուղարկի Ազգային ժողով: ԱԺ մեծամասնությունը` առանց առարկությունների, այդ բոլորը կդակի: ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը կվավերացնի այդ օրենքներն ու հրամանագրերը` դրանցում որեւէ խնդիր չտեսնելով: Որոշ օրենքներ ու պայմանագրեր կհասնեն Սահմանադրական դատարան, որը եւս անմռունչ կվավերացնի այդ փաստաթղթերը եւ կմերժի ընդդիմության բոլոր դիմումները: Բոլոր այն դատավորները, որոնք դեռ կհամարձակվեն չկատարել իշխանությունների կամքը, պաշտոնաթող կարվեն ԲԴԽ 5 գիտնական անդամների քվեարկությամբ` Գագիկ Ջհանգիրյանի հրահանգով:

Նորանշանակ օմբուդսմենը` Քրիստիննե Գրիգորյանը, կփառաբանի իշխանությունների վարքն ու բարքը եւ աննշան խախտումներ կգտնի ինչ-որ տնտեսվարողների գործողություններում: Այն տնտեսվարողների, որոնք դեռեւս չեն մուծվել վարչապետի տիկնոջ հիմնադրամին: Սփյուռքի հանձնակատարի կրտսեր հանձնակատարները, որոնք կգործեն սփյուռքի բոլոր համայնքներում, ՀՀ իշխանություններին սատարող հայտարարություններ կտարածեն:

Արտախորհրդարանական ուժերի կոալիցիան կշարունակի պարբերաբար հանդիպումներ ունենալ վարչապետի հետ, եւ կառուցողական քննարկումների արդյունքում տպավորություն կստեղծվի, թե քաղաքական դաշտում համագործակցային մթնոլորտ է տիրում: Զուգահեռաբար կկնքվեն պայմանագրեր Թուրքիայի, հետագայում՝ Ադրբեջանի հետ, կբացվեն սահմաններն ու ճանապարհները, կմոռացվի Արցախի անկախության հարցը: Սյունիքում ինչ-որ տարածքներ թուրքերին զիջած իշխանությունը, նաեւ Արցախը կզիջի ռուսներին: Եվ բոլորը երջանիկ կլինեն»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ նաև Telegram-ում