Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները դադարեցվեցին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 23, Times․am: ԲԴԽ-ն դադարեցրեց ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված), դատավոր Ռուբեն Վարդազարյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։ Քիչ առաջ որոշումը հրապարակվեց ԲԴԽ նիստում՝ բավարարելով Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին հանձնախմբի միջնորդությունը։ Հատուկ կարծիք են ներկայացրել Մեսրոպ Մակյանը և Սերգեյ Չիչոյանը։ Կարգապահական պատասխանատվության ենթարկելուն դեմ է եղել Անի Մխիթարյանը, որը ներկայացրել է նաև հատուկ կարծիք։ Ջհանգիրյանը հայտնեց, որ որոշումը կայացվել է հունիսի 16-ին, տեղեկացնում է Փաստինֆո-ն։

Հիշեցնենք, որ ԲԴԽ նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանի դեմ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ԲԴԽ երեք անդամների նախաձեռնությամբ։ Վարույթ հարուցելու համար դիմել են Գրիքոր Բեքմեզյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Դավիթ Խաչատուրյանը։ Վարույթի հարուցման հիմք է հանդիսացել լրատվականներից մեկում հրապարակված հարցազրույցը, որում Վարդազարյանն անդրադարձել է ՍԴ որոշմանը՝ կապված Գագիկ Ջհանգիրյանի՝ ԲԴԽ անդամ ընտրվելու դիմումին։

Թեև Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիր Արամ Օրբելյանը նշել էր, որ չի կարող մասնակցել նիստին, քանի որ գտնվում է Սյունիքի մարզում՝ մասնակցելու նախապես նշանակված դատական նիստին, ուստի՝ խնդրում է հետաձգել նիստը, ԲԴԽ-ն հետաձգման միջնորդությունը մերժելուց հետո անցել է Վարդազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության, ըստ էության, քննությանը, ավարտել այն և հեռացել խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Հետագայում Վարդազարյանը հայտարարել է, որ առողջական խնդիրների պատճառով չի ներկայացել նստին, փաատաբան Արամ Օրբելյանն էլ հույս է հայտնել, որ վարույթը պետք է վերսկսվի, հակառակ պարագայում խախտվում է անձի արդար դատաքննության իրավունքը։ Հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն է հրապարակել, որի համաձայն՝ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում