Արցախի նախագահը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի ապահովել ՌԴ խաղաղապահների անժամկետ առկայությունն Արցախում

Արցախի նախագահը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի ապահովել ՌԴ խաղաղապահների անժամկետ առկայությունն Արցախում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19, Times․am: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հույս ունի, որ հնարավոր կլինի բարձրացնել Ռուսաստանի խաղաղապահ առաքելության արդյունավետությունը և ապահովել դրա անժամկետ առկայությունն Արցախում՝ որպես մեր ժողովրդի անվտանգության կարևորագույն երաշխիք՝ անկախ դրա ոչ լիարժեք բնույթից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հարությունյանն ասաց սեպտեմբերի 19-ի ուղերձում:

«Չնայած աշխարհում ու տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական վերադասավորումներին ու առկա մարտահրավերներին, այդուհանդերձ, Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը, թեև այն փխրուն և հարաբերական կայուն է»,- ասաց նա:

Ըստ Հարությունյանի, ցավոք, խիստ փխրուն աշխարհակարգի ու տարածաշրջանային ցնցումների պայմաններում ոչ ոք դեռ չի կարող տալ անվտանգության երկարաժամկետ երաշխիքներ:

«Ռուսաստանի զբաղվածությամբ և ուշադրության շեղմամբ պայմանավորված՝ ռուսական խաղաղապահների երաշխիքները որոշակի ճեղքման են ենթարկվել, որից օգտվում է Ադրբեջանը: Մյուս կողմից, արտաքին բոլոր թշնամական ուժերը հետևողականորեն ձեռնարկում են ռազմական ու տեղեկատվական բնույթի սադրանքներ՝ ռուս խաղաղապահների դերակատարությունը նսեմացնելու, արցախցիների մոտ Ռուսաստանի հանդեպ անվստահություն ձևավորելու համար: Վստահ եմ, որ արցախցին չի տրվում նման սադրանքներին, որի վառ օրինակը Արցախում ռուս խաղաղապահների նկատմամբ ցուցաբերվող հատուկ վերաբերմունքն է»,- հավելեց Արցախի նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում