Ամերիկահայերը կիսել են իրենց մտահոգությունը կոնգրեսականի հետ
Նմանատիպ
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արևելյան ափի կառույցի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Մասաչուսեթս նահանգից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Նիկի Ցոնգասի հետ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տեղի հայ համայնքին հետաքրքրող հարցերին: Ընտրվելուց ի վեր ներկայացուցիչ Ցոնգասն ուշադրության կենտրոնում է պահել հայ համայնքի բարձրացրած խնդիրները:
«Ուրախ ենք, որ ներկայացուցիչ Ցոնգասը հետաքրքրվում է իր ընտրողներին հուզող հարցերով և այս հանդիպումը դրա վառ վկայություններից մեկն է»,- ասել է հանձնախմբի ներկայացուցիչ Արա Ճգնավորյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիական ճգնաժամին առնչվող հարցեր, մասնավորապես հայ համայնքի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել ԱՄՆ-ի կողմից իրականացվելիք հնարավոր ռազմական միջամտության առնչությամբ: Հանդիպման ներկաները ներկայացուցիչ Ցոնգասին, ով Կոնգրեսի ռազմական հանձնաժողովի անդամ է, տեղեկացրել են, որ Բաշար ալ-Ասադի դեմ պայքարող ծայրահեղականները շատ դեպքերում որպես թիրախ ընտրում են նաև տեղի հայ բնակչության:
Քննարկվել են նաև Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման 227 բանաձևին և արտաքին հատկացումներին առնչվող խնդիրներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում