Օջալանի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան

Օջալանի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան

Թուրքիայի քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի փաստաբանները դիմել են Սահմանադրական դատարան’ պահանջելով թույլատրել, որ նրանք հանդիպեն իրենց պաշտպանյալի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Demokrathaber.net-ը:

Օջալանի փաստաբաններ Ջենգիզ Յուրեքլին, Օզգյուր Ֆաիք Էրոլն ու Իբրահիմ Բիլմեզն Սահմանադրական դատարան ներկայացրած իրենց դիմումի մեջ գրել են, որ վերջերս Օջալանի գործով ՄԻԵԴ կայացրած որոշումից հետո իրենք մի քանի անգամ փորձել են հանդիպել քուրդ առաջնորդին, սակայն ամեն անգամ մերժում են ստացել: Նրանք պահանջել են, որպեսզի դատարանն անմիջապես իրենց պաշտպանյալի հետ հանդիպումն ապահովող միջոցներ ձեռնարկի:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մարտի 18-ին որոշում էր կայացրել Աբդուլլահ Օջալանի գործով: Երեք դեմ, չորս կողմ ձայներով որոշվել է, որ ձերբակալության պայմանների հետ կապված’ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական համաձայնագրի երրորդ հոդվածը: Մեկ դեմ, վեց կողմ ձայներով դատարանը վճռել է, որ խախտվել է համաձայնագրի’ բանտային պայմաններին վերաբերող հոդվածը:

1980-1998 թվականներին Օջալանը բնակվել է Սիրիայում, որտեղից էլ ղեկավարել է Թուրքիայում ահաբեկչական համարվող Քրդական աշխատավորական կուսակցությունը (PKK): 1998 թվականին, Անկարայի ճնշման տակ Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը խնդրում է Օջալանին լքել երկիրը։ 1999 թվականին Քենիայում նրան ձերբակալում են և տեղափոխում Թուրքիա։ Թուրքական դատարանը Օջալանին դատապարտում է մահապատժի հայրենիքի դավաճանության մեղադրանքով, սակայն Եվրախորհրդի օրենքների համա ձայն, այդ վճիռը հետագայում փոխվում է ցմահ ազատազրկման։

Հետևեք մեզ նաև Telegram-ում