Սիրիայի ԱԳ նախարարը խորհուրդ է տվել Անկարային չմիջամտել իր պետության ներքին գործերին
Նմանատիպ
Այս տարի առաջին անգամ, Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նիստ է գումարել, որին ներկա են եղել նաև նախագահ Աբդուլլա Գյուլը և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին հաղորդում է ռուսական«Regnum» լրատվական գործակալությունը:
Խորհրդակցության ժամանակ, որը տևել է մոտավորապես հինգ ու կես ժամ, քննարկվել են Քրդստանի Աշխատավորական կուսակցության (РКК), ինչպես նաև Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում տիրող իրավիճակի հետ կապված հարցերը:
Իսկ Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Ալ-Մուալիմը թուրքական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ խորհուրդ է տվել Անկարային զբաղվել իր խնդիրներով և չմիջամտել Սիրիայի ներքին գործերին: «Արդյո՞ք Թուրքիան՝ Սիրիայի ներքին խնդիրներց բացի, այլ խնդիրներ չունի: Մենք չենք հասկանում, թե ինչու՞ է Անկարայի համար այդքան դժվար մեր գործերին չմիջամտելը: Մենք հարևաններ ենք և մինչ ներկայիս իրադարձությունները, մենք հիանալի հարաբերությունների մեջ ենք եղել: Թուրքիան փոխեց իր վերաբերմունքը Սիրիայի նկատմամբ այն բանից հետո, երբ նախագահ Բաշար Ալ-Ասադը մերժեց վարչապետ Էրդողանի՝ «Մուսուլման Եղբայրների» կուսակցություն ստեղծելու գաղափարը: Ի վերջո, Թուրքիան չպետք է մոռանա, որ Սիրիան նրա համար միշտ էլ եղել է պատուհան դեպի արաբական աշխարհ: Մենք նաև չենք սպասում արտաքին ռազմական միջամտության, բայց, եթե Արևմտյան երկրներից որևէ մեկի մոտ նման գաղափար ծագի, ուրեմն մենք պատրաստ ենք պայքարել նաև նրանց դեմ»,-ասել է Ալ-Մուալիմը:
Սիրիայի արտգործնախարարը ասել է նաև, որ իր երկիրը երբեք չի օգտագործի РКК-ն Թուրքիայի դեմ: Իսկ ինչ վերաբերում էր թուրք հետախույզների ձերբակալությանը, նա նշել է, որ տեղեկություն չունի դրա մասին: «Մենք վճռական ենք տրամադրված Սիրիայում բարեփոխումների և ժողովրդավարական հասարակություն ստեղծելու գործում»,-շեշտել է Սիրիայի դիվանագիտության ղեկավարը:
Բրիտանական «The Times» պարբերականն էլ իր հերթին հաղորդել է, որ չնայած գործող պատժամիջոցներին` պաշտպանական ոլորտի համար սարքավորումները, սիրիական իշխանությունները ստանում են Թուրքիայից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թուրքական կողմը հայտարարել էր, թե PKK-ի 2000-3000 զինյալներ Հյուսիսային Իրաքից ժամանել են Սիրիա՝ նախագահ Բաշար Ալ-Ասադի վարչակարգին աջակցելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում