Սիրիայի ՄԻՊ-ը դատապարտել է Քաթարի արտգործնախարարի կոչը

Մարդու իրավունքների սիրիացի դիտորդների խումբը դատապարտել է Քաթարի արտգործնախարար Համիդ Բին Ջասիմի հայտարարությունը, որտեղ նա կոչ էր անում զինել ընդդիմությանը և Ստամբուլի խորհրդի ահաբեկչական խմբերին, գրում է սիրիական «SANA» լրատվական գործակալությունը:

Կազմակերպության հայտարարության մեջ դիտորդական առաքելության խմբի ներկայացուցիչը հայտնել է, որ Քաթարի և Սաուդյան Արաբիայի դիրքորոշումները զուգամիտվում են ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դիրքորոշման հետ, համաձայն որի՝ պետք է անմիջական մասնակցություն ունենալ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին` մտադրվելով բարձրացնել երկրում առկա  լարվածությունը:

Դիտորդը նշել է, որ այսպես կոչված «Սիրիայի բարեկամների» հանդիպումը Սիրիայի դեմ դավադրություն կազմակերպելու և Ստամբուլի խորհրդի պահանջները բավարարելու համար հնարավորինս շատ աջակցություն ստանալու Արևմտյան և Պարսից ծոցի երկրների ջանքերի միայն մի մասն էր:

Ըստ հայտարարության` ամերիկասիոնիստական այս նախաձեռնությունը Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին միջամտելուն ուղղված քայլ է:

Հետազոտությունների և մարդու իրավունքների Սիրիայի Խորհրդատվական կենտրոնը հայտարարել է, որ թվացյալ կազմակերպությունները, մասնավորապես Սիրիայում մարդու իրավունքների Լոնդոնի դիտորդական առաքելությունը, ստեղծվել են մարդու իրավունքները պաշտպանելու պատրվակով, սակայն իրականում նրանց գլխավոր նպատակը Սիրիայի դեմ ապակողմնորոշող արշավներ սկսելն է, գրում է աղբյուրը:

Ըստ կենտրոնի` մարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը տարածում է բռնությունների և զոհերի մասին  կեղծ ու անհիմն հայտարարություններ, որոնց նպատակը արաբական և առհասարակ աշխարհի հանրությանը ապակողմնորոշելն է:

Հիշեցնենք, որ ըստ Սիրիայում մարդու իրավունքների Լոնդոնի դիտորդական խմբի` 2011թի մարտից շարունակվող բռնություններին զոհ են գնացել շուրջ 8000 մարդ, ներառյալ 590 երեխա: Իսկ սիրիական իշխանությունները հայտնում են, որ զինված ապստամբների հետ բախումների հետևանքով զոհվել են  ավելի քան 2000 ոստիկան և զինծառայող:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում