Ադրբեջանական Գուբա քաղաքում պարետային ժամ է հայտարարվել
Նմանատիպ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պարետային ժամ է հայտարարել հանրապետության հյուսիսում գտնվող Գուբա քաղաքում՝ երեկ տեղի ունեցած ցույցերի և բախումների պատճառով: Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Այսօր հարյուրավոր ցուցարարներ հավաքված են Գուբայի ոստիկանության շենքի առջև՝ պահանջելով ազատ արձակել այն 200 ակտիվիստներին, ովքեր ձերբակալվել են երեկվա ցույցի ժամանակ, այլապես սպառնում են այրել քաղաքի այլ շենքեր ևս:
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանում փոքրամասնություն կազմող լեզգինները դուրս էին եկել ցույցի տեղի գործադիր իշխանության ղեկավար Ռաուֆ Հաբիբովի դեմ, ով վիրավորել էր տեղի բնակիչներին՝ հատարարելով, թե գուբացիները «վաճառել են իրենց հողերը և իրենց»: Ցուցարարները պահանջում էին իրենց վիրավորած պաշտոնյայի հրաժարականը: Բողոքի ակցիայի ժամանակ ակտիվիստները կոտրել են կառավարական շենքի պատուհանները և այրել գրասենյակները: Կատաղի ամբոխը նաև այրել էր Հաբիբովի բնակարանը՝ թույլ չտալով հրշեջներին մոտենալ կրակին:
Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ՝ Հաբիբովին արդեն հեռացրել են պաշտոնից: Շրջանում պարետային ժամ է հաստատված. ստուգվում են քաղաք մտնող և դուրս եկող բոլոր ավտոմեքենաները:
Նշենք, որ Ադրբեջանի իշխանությունները մտահոգված են Գուբայի այս ցույցերից, քանի որ վախենում են, որ հեղափոխական տրամադրությունները կարող են փոխանցվել նաև այլ շրջաններ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում