Ռուսաստանը և Թուրքիան չեն պատրաստվում անմիջականորեն միջամտել Սիրիայի գործերին
Նմանատիպ
Համաձայն գործող պայմանագրերի՝ Ռուսաստանը չի պարտավորվում ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիային նրա տարածք արտաքին ներխուժման դեպքում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: Այս մասին գրում է «ZMAN.com» իսրայելական կայքը:
Այդ կերպ նա պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը, որպես Խորհրդային Միության իրավահաջորդ, կարող է ռազմական օգնություն տրամադրել Սիրիային՝ համաձայն 1980 թ. Խորհրդային Միության և Սիրիայի միջև կնքված «Բարեկամություն և համագործակցություն» պայմանագրի, գրում է «BBC» լրատվական գործակալությունը:
Պայմանագրում ասվում է, որ եթե երրորդ կողմը ներխուժի Սիրիայի տարածք, ապա Խորհրդային միությունը կներգրավվի այդ դեպքերին:
«Այդ հոդվածում, ինչպես և այդ փաստաթղթի մնացած բոլոր կետերում, ռազմական օգնություն տրամադրելու մասին խոսք չի գնում: Ռուսաստանը չի էլ պատրաստվում նման բան ձեռնարկել» ,-նշել է Լուկաշևիչը:
Թուրքական «Hürriyet DailyNews» լրատվական գործակալությունն էլ գրում է, որ մարտի 1-ին Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ՝ քննարկելու համար Թուրքիայի ներկայիս արտաքին քաղաքականությանն առընչվող հարցեր:
«Գլխավոր ընդդիմությունը քննադատում է Թուրքիայի քաղաքականությունը, հատկապես ուղղված Սիրիայի ճգնաժամին»,-հայտնել է ներկաներից մեկը:
«Մենք դեմ ենք Սիրիայի ներկայիս վարչակարգին, որը բռնություններ է իրականացնում իր ժողովրդին: Սակայն անմիջական միջամտություն չպետք է լինի»,- «Hürriyet Daily News»-ին հայտնել է Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Օսման Քորութուրքը:
«Արտաքին քաղաքականության հաջողության համար կարևոր է ազգային միաբանությունը»,- հանդիպման ժամանակ լրագրողներին հայտնել է Դավութօղլուն` ավելացնելով, որ համաշխարհային համակարգը լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ինչի հետևանքով այս վերջին օրերը եղել են ճգնաժամային:
«Փոփոխությունների հսկայական գործընթաց է սկսվել, որտեղ մեծ հնարավորությունները գալու են մեծ դժվարություններին զուգահեռ, եթե հաշվի առնենք Թուրքիայի հարևանությամբ սկսված տնտեսական և քաղաքական ճգնաժամը»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում