Էդ.Նալբանդյանը մասնակցել է ԵՄ արեւելյան գործընկերության Վիշեգրադյան քառյակի հանդիպմանը
Նմանատիպ
Մարտի 5-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Պրահայում մասնակցեց ԵՄ արեւելյան գործընկերության անդամ երկրների, Վիշեգրադյան քառյակի` Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա, եւ մի շարք այլ եվրոպական պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը, որին ներկա էին նաեւ Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը եւ հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Նիստին ելույթով հանդես եկավ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ներկայացրեց Հայաստան- ԵՄ համագործակցության բնագավառում արձանագրված առաջընթացը` ընդգծելով, որ արդեն համաձայնեցվել են Ասոցացման համաձայնագրի 24 գլուխներ, սկսվել են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման բանակցությունները, եւ առաջիկայում կմեկնարկի խորը ու համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացը, որոնք հայկական կողմը մտադիր է եվրոպական գործընկերների հետ միասին ավարտին հասցնել սեղմ ժամկետներում: Նախարար Նալբանդյանը խոսեց նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումների գործընթացից, հայտնում են ԱԳՆ մամլո ծառայությունից:
Պրահայում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերով եվրոպական հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:
Զրուցակիցները քննարկեցին մարտի 6-ին Բրյուսելում Եվրոպական կառույցներում մեկնարկող ՀՀ նախագահի այցի օրակարգային հարցերը: Նրանք մանրամասն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն մերձեցման գործընթացին` գոհունակություն հայտնելով արձանագրված առաջընթացի կապակցությամբ: Նախարար Նալբանդյանն ու հանձնակատար Ֆյուլեն մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերջին զարգացումների շուրջ:
Հանդիպման օրակարգում էին նաեւ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացը:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը, արձագանքելով ԵՄ խորհրդի կողմից Հարավային Կովկասի վերաբերյալ ընդունված փաստաթղթին, նշեց, որ այն արձանագրում է Հայաստանի եւ ԵՄ դիրքորոշումների ընդհանրությունն ԵՄ հետ խորացված գործընկերության ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ:
Խոսելով նույն փաստաթղթի` Լեռնային Ղարաբաղին վերաբերող հատվածի մասին, Էդվարդ Նալբանդյանն ասաց. «Ողջունում ենք Եվրոպական Միության մոտեցումն` ի աջակցություն Մինսկի խմբի համանախագահների հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերին»:
Նախարարական հանդիպման շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն ու ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը մտքեր փոխանակեցին Հայաստան- ԵՄ եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Հայաստանի ԱԳ նախարարը հանդիպում ունեցավ նաեւ Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետի հետ: Բանակցությունների օրակարգում էին երկկողմ հարաբերությունների եւ Հայաստան – Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող հարցեր:
Հունգարիայի ԱԳ նախարար Յանոշ Մարտոնիի հետ Էդվարդ Նալբանդյանը քննարկեց Հունգարիա ՀՀ Նախագահի պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Նույն օրը, ավարտելով այցելությունը, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ուղեւորվեց Բրյուսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում