Էդ. Նալբանդյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Շվեցարիայում
Նմանատիպ
Մարտի 13-ին Էդվարդ Նալբանդյանը աշխատանքային այցով ժամանել է Շվեյցարիա, հաղորդում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նույն օրը Ժնեւում տեղի ունեցավ Շվեյցարիայի նախկին նախագահ Միշլին Կալմի-Ռեյի` Հայաստանի Հանրապետության Պատվո շքանշանով պարգեւատրման արարողությունը, որին ներկա էին Շվեյցարիայի պետական եւ քաղաքական գործիչներ, Ժնեւի քաղաքապետը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Շվեյցարիայի նախկին նախագահին հանձնելով Պատվո շքանշանը` նախարար Նալբանդյանն ասաց. «Վերջին տարիներին դիվանագիտական հարաբերությունների քսանամյա պատմության ընթացքում Հայաստանի եւ Շվեյցարիայի միջեւ հարաբերություններն իրենց բարձրակետին են հասել. դրանք արտացոլվել են երկու երկրների ղեկավարների առաջին պաշտոնական փոխայցելություններով, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան հիմնադրմամբ: Հարաբերությունների դինամիկան աչքի է ընկնում ոչ միայն բարձրաստիճան շփումների պարբերականությամբ, քաղաքական երկխոսության ինտենսիվությամբ, այլեւ դրանց որակով եւ խորությամբ: Հարաբերությունների ամրապնդմանն ուղղված մեր փոխադարձ ջանքերն իրենց արդյունքներն են տվել՝ առավել խորացնելով երկու ժողովուրդների միջեւ բարեկամությունը:
Ինձ համար մեծ պատիվ է, տիկին նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ Ձեզ հանձնել Պատվո շքանշանը մեր երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման գործում Ձեր նշանակալից ավանդի համար»։
Մարտի 14-ին Բեռնում տեղի ունեցան Էդվարդ Նալբանդյանի եւ Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդյե Բուրխալտերի բանակցությունները:
Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման օրակարգում էին երկկողմ համագործակցության տարբեր ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր, տարածաշրջանային եւ միջազգային խնդիրներ:
Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին տարիներին հարաբերություններն աննախադեպ զարգացում են ապրել: Էդվարդ Նալբանդյանի խոսքերով այսօր երկու երկրների միջեւ ձեւավորվել է խորը փոխվստահություն եւ փոխըմբռնում, ինչը բնորոշ է բարեկամ պետություններին:
Նախարարները, կարեւորելով երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը, պայմանավորվածություն ձեռք բերեցին առավել ակտիվացնել իրենց կողմից ղեկավարվող գերատեսչությունների միջեւ պարբերական խորհրդատվություններ անցկացումը, միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:
Այս համատեքստում Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր երկրի աջակցությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության հարցում:
2014 թ. ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահության համատեքստում նախարարները մտքեր փոխանակեցին կազմակերպության օրակարգային հարցերի շուրջ:
Բանակցություններին մանրամասն անդրադարձ կատարվեց առեւտրատնտեսական համագործակցության խթանման նպատակով ձեռնարկվող քայլերին: Այս առումով կարեւորվեց պետական մակարդակով գործարար շրջանակներին ցուցաբերվող աջակցությանը: Շվեյցարական կողմը վերահաստատեց Հայաստանի զարգացման նպատակով Համագործակցության եւ զարգացման շվեյցարական գործակալության կողմից իրականացվող ծրագրերի շարունակականությունը:
Նախարարները մտքեր փոխանակեցին ապակենտրոնացված համագործակցության զարգացման ուղիների վերաբերյալ:
Էդվարդ Նալբանդյանն ու Դիդյե Բուրխալտերն անդրադարձան Հարավային Կովկասի տարածաշրջանային հարցերին եւ զարգացումներին: Էդվարդ Նալբանդյանն իր շվեյցարացի գործընկերոջը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Այս առումով նախարար Բուրխալտերը շեշտեց, որ իր երկիրն ուշադրությամբ հետեւում եւ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող միջնորդական ջանքերին եւ գտնում է` հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով:
Հայաստանի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձան Հայաստան – Եվրոպական միություն հարաբերություններին, քննարկեցին մի շարք այլ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր:
Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հյուրընկալվեց նաեւ Շվեյցարիայի Համադաշնության խորհրդարանում, որտեղ հանդիպում ունեցավ Հայաստան- Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի անդամների հետ:
Հանդիպման ընթացքում հանգամանալից քննարկում տեղի ունեցավ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության հետագա ընդլայնման ուղիների վերաբերյալ:
Բարեկամության խորհրդարանական խմբի անդամները Հայաստանի արտգործնախարարին ներկայացրեցին երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված իրենց գործունեությունը եւ տեղեկացրեցին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստան այցելելու իրենց մտադրության մասին:
Նախարար Նալբանդյանը շվեյցարացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, տարածաշրջանային հիմնախնդիրների կարգավորմանն ուղղված քայլերը:
Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Շվեյցարիայի միջնորդությանը` Էդվարդ Նալբանդյանը բարձր գնահատեց գործադրված ջանքերը: Հայաստանի արտգործնախարարի բնորոշմամբ` եթե ձեռք բերված արդյունքները շարունակություն չունեցան, բոլորի համար ակնհայտ է, որ դա եղավ ոչ թե միջնորդական ջանքերի պակասի պատճառով կամ ձեռք բերված պայմանավորվածությունները Հայաստանի կողմից հարգելու թերացման պատճառով, այլ որ Թուրքիան չկատարեց իր ստանձնած պարտավորությունները:
Նույն օրը երեկոյան Հայաստանի արտգործնախարարն ուղեւորվեց Երեւան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում