Դրամահավաք է հայտարարված Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի կառուցման համար

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կոչով դիմել է իր համաքաղաքացիներին՝ Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի կառուցմանն աջակցելու խնդրանքով: Times.am-ը ներկայացնում է Ստեփանակերտի քաղաքապետի ուղերձն ամբողջությամբ.

«Արցախյան ազգային-ազատագրական շարժումը, որը մեր ժողովրդի ինքնագիտակցության դրսևորման ու հոգևոր վերազարթոնքի գագաթնակետը հանդիսացավ, մեզ հնարավորություն ընձեռնեց ձերբազատվել անցյալ նախապաշարումներից, ինքնուրույն տնօրինել սեփական ճակատագիրը, վերաարժևորել ապրած տարիները և իմաստավորելով ներկան` ամուր ու անսասան պահել մեր հավատքը:

Անկախության կերտման տարիներին, հայ առաքելական եկեղեցին, որպես ժողովրդին համախմբող և միաբանող ուժ, մշտապես գտնվել է պետության կողքին, իր աստվածահաճո ձեռնարկումներով նպաստել հայրենիքի զորացմանը: Այսօր էլ, այդ  պատվաբեր առաքելությունը ստանձնած Արցախի հոգևոր թեմը` Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի առաջնորդությամբ, շարունակում է  ազգանպաստ իր գործունեությունը, հանրապետության բնակավայրերում կառուցելով նոր եկեղեցիներ, նորոգելով և վերաբացելով տարիներով  գոցված մեր հոգևոր տները:

Սիրելի հայրենակիցներ

Ուզում եմ Ձեզ դիմել, իմ համոզմամբ, ստեփանակերտցիներիս համար կարևոր նշանակություն ունեցող մի հարցով: Արձագանքելով ԼՂՀ իշխանությունների, մայրաքաղաքի բնակչության խնդրանքին, 2006թ. հուլիսի 15-ին Ստեփանակերտում կատարվեց Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի հիմնարկեքը, որն օծվեց Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի անմիջական ձեռամբ: Եկեղեցու շինարարության համար, որն իրականացվում է ինչպես հայ Առաքելական եկեղեցու, այնպես էլ անհատ նվիրատուների հանգանակած միջոցների հաշվին, արդեն ծախսվել է ավելի քան 600 հազար ԱՄՆ դոլար: Այդ նպատակով շոշափելի գումարներ են նվիրաբերել պետական այրեր, հոգևոր առաջնորդներ, հայտնի բարերարներ, մշակույթի և արվեստի գործիչներ, շարքային քաղաքացիներ:

Գաղտնիք չէ, որ նման նշանակության կառույցների իրագործումը հնարավոր է լինում միայն հասարակության լայն շերտերի մասնակցությամբ: Հաշվի առնելով այդ հանգամանքը, համոզված եմ, որ  ստեփանակերտցիները` մեծ ու փոքրով, փոխըմբռնումով կմոտենան խնդրին և հնարավորության սահմաններում, որոշակի գումար նվիրաբերելով կնպաստեն մայրաքաղաքի եկեղեցու կառուցմանը:

Հայրենակիցներ

Հավատացած եղեք, որ Ձեր օգնությունն անգնահատելի ներդրում կլինի մայր տաճարի շինարարությանը: Ուրեմն ակտիվորեն մասնակցենք դրամահավաքին և համատեղ ուժերով կառուցենք Աստծո տունը:

 

Նվիրատվության նպատակով փոխանցումները կարելի է կատարել`

Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմ, “Ամերիբանկ”-ի

Ստեփանակերտի մասնաճյուղ, AMD

հ/հ 1570001158220100

հեռ. 374 97279999, 374 93401419»

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում