Մեկին վտարեցին, մյուսին՝ ծեծեցին: ՀԱԿ քարոզարշավը Մալաթիա-Սեբաստիա համայնքում (տեսանյութ)
16/04/2012 00:48
Նմանատիպ
Ապրիլի 15-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում նախընտրական քարոզչություն իրականացնելիս` պատգամավորության երեք թեկնածու է ծեծի ենթարկվել` Երևանի թիվ 1 ընտրատարածքում առաջադրված Գայանե Առուստամյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Բաբկեն Գարոյանը և Զոյա Թադևոսյանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց պատգամավորի թեկնածու Գայանե Առուստամյանը:
«Մենք գնացել էինք Նիկոլ Փաշինյանին օգնելու, որ քարոզչական նյութեր տարածենք: Սվաջյան 44 շենքի մուտք նոր էինք մտել, երբ մեզ վրա հարձակվեցին մի 12-15 երիտասարդներ, ավազակախումբ և գոռգռալով պահանջեցին դուրս գալ շենքից` նշելով, որ սա իրենց բակն է, իրենց շենքն է և իրենք իրենց ընտրությունն արդեն կատարել են ու ընտրելու են Հանրապետական կուսակցությանն ու ՀՀԿ թեկնածուին: Տիկին Թադևոսյանը փորձեց հանգստացնել նրանց` ասելով, որ մենք օրենքով սահմանված կարգով քարոզչություն ենք կատարում և քարոզչանյութեր տարածում: Մեր ձեռքից խլեցին քարոզչանյութերը և գցեցին գետնին: Շքամուտքի աստիճանների մոտ կանգնած` այդ ավազակների առաջնորդը սկսեց հարվածել ինձ, մյուս խումբը Բաբկեն Գարոյանին քաշեց ներքև, շուրջկալեց ու սկսեց ծեծել»,- պատմեց Գայանե Առուստամյանը:
Ծեծի հետևանքով, ըստ Գայանե Առուստամյանի, կոտրվել է Բաբկեն Գարոյանի քիթը, և նրան «Շտապօգնության» միջոցով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Նշենք, որ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչների հետ անհարթ չէ անցել նաև թիվ 7 ընտրատարածքում առաջադրված Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Տեսնելով ՀԱԿ ներկայացուցչին իրենց բակում՝ այդ համայնքի Բանգլադեշ թաղամասի բնակիչները պահանջել են Փաշինյանից հեռանալ: