Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել Բաթումիում և Նիդերլանդներում
Նմանատիպ
Ապրիլի 13-ին Նիդերլանդների Աբովյան մշակութային միությունում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին բացման խոսքով հանդես եկավ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իր ելույթում դեսպանն անդրադարձավ Եղեռնի հետևանքներին և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացի կարևորությանը` նշելով.
«Թեև աշխարհասփյուռ հայության համառ ջանքերն` ուղղված Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, հանգեցրել են այդ հարցի շուրջ քննարկումների որոշ ազատականացման թուրքական հասարակության մեջ, …սակայն արխիվները շարունակում են փակ մնալ, Թուրքիայի կառավարությունը ջանք և միջոց չի խնայում իր ժխտողական մոտեցումներն առաջ մղելու, քաղաքական ճնշում գործադրելու համար, որպեսզի կանգնեցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանության ժխտման քրեականացման անկասելի առաջընթացը»:
Միջոցառմանը «Հայոց ցեղասպանությունը և ժամանակակից Թուրքիայի կայացումը» (Armenian Genocide and the Making of Modern Turkey) թեմայով դասախոսությամբ հանդես եկավ Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների կենտրոնի պրոֆեսոր, դոկտոր Ուգուր Ումուտ Ունգորը (Dr. Ugur Umit Ungor): Վերջինս իր ելույթում անդրադարձ կատարեց թուրքական իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության իրականացման տնտեսական դրդիչ գործոններին` կոնկրետ օրինակներով ներկայացնելով արդեն իսկ հանրայնացված արխիվային նյութերով հիմնովին փաստվող հսկայածավալ ծրագրված ու իրականացված գործողությունները:
ԱԳՆ մամլո ծառայությունից նաև հայտնում են, որ ապրիլի14-ին Բաթումիի կոնսերվատորիայի դահլիճում կայացավ «Հիշել ցեղասպանությունը» խորագրով`Մեծ Եղեռնի հիշատակման օրերի անդրանիկ միջոցառումը:
Բաթումիում ՀՀ գլխավոր հյուպատոս Գարիկ Իսրայելյանը, Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արարատ Գումբելյանը, Աջարիայի հայերի միության փոխատենապետ Արթուր Հովհաննիսյանն իրենց ելույթներում ընդգծեցին համաշխարհային հանրության կողմից Ցեղասպանության դատապարտման և համընդհանուր ճանաչման կարևորությունը,թուրքական ժխտողականության դեմ հայրենիքի և Սփյուռքի ուժերը միավորելու հրամայական անհրաժեշտությունը:
Այնուհետև Բաթումիի «Սուրբ Փրկիչ» եկեղեցուն կից գործող կիրակնօրյա հայկական դպրոցների սաներն ավելի քան 300 հանդիսականների ներկայացրեցին գրական–գեղարվեստական բեմադրություն` 20-րդ դարի առաջին Ցեղասպանության եղերական դրվագներով, հայ ժողովրդի ապրելու և արարելու կամքը մարմնավորող ասմունքով, հայրենասիրական երգերով և պարերով:
Միջոցառումը լուսաբանվեց տեղական հեռուստաալիքներով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում