Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել

Արցախում ոչ մեկ չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել

Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ընդլայնված կազմով խորհրդակցության ընթացքում նշել է, որ բավականին բարդ իրավիճակ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով:

«Ստեղծված բարդ իրավիճակը մեզնից համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Պետնախարարն ընդգծել է, որ չնայած առկա բարդ մարտահրավերներին, պետք է խուճապի չմատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով ՝ յուրաքանչյուրն իր տեղում կատարելով իր գործը: Նա նշել է, որ արցախցիներն արժանապատվորեն են տանում դժվարությունները՝ ցուցաբերելով տոկունություն և ողջախոհություն՝ առանց խուճապային տրամադրությունների տրվելու: Այս տեսանկյունից պետնախարարը կարևոր է համարել իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը:

Ռուբեն Վարդանյանը նշել է, որ թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ:
Խորհրդակցության ընթացքում պետական գերատեսչությունների, վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ճանապարհի փակման հետևանքով շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում