Փաշինյանը Մյունխենում կմասնակցի պանելային քննարկման. Միջազգային ամփոփ լրահոս

Փաշինյանը Մյունխենում կմասնակցի պանելային քննարկման. Միջազգային ամփոփ լրահոս

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ են քննարկել Ալիևն ու Շարլ Միշելը և ինչո՞ւ  է փոխվել Մյունխենի անվտանգության համաժողովի օրակարգը։  Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

Մյունխենի անվտանգության համաժողով

Տասնյակ երկրների բարձրաստիճան ղեկավարներ երեկվանից հավաքվում են Բավարիայի մայրաքաղաք Մյունխենում, որտեղ գումարվում է Անվտանգության ավանդական համաժողովը:

Մասնակիցների թվում են նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Թեև այս մասին պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հավանական է, որ երկու երկրների ղեկավարները Մյունխենում հանդիպում կունենան։

Մյունխենյան Անվտանգության համաժողովը 59-րդ անգամ է գումարվում այս տարի։ Այն կտևի մինչև փետրվարի 19-ը: Մյունխենում կհանդիպեն հարյուրավոր պետական այրեր, նրանցից ավելի քան 100-ը՝ նախագահներ, վարչապետեր, նախարարներ:

Միջոցառման հրապարակված օրակարգից պարզ է դառնում, որ այսօր՝ փետրվարի 18-ին, ֆորումում նախատեսված է պանելային քննարկում՝ «Շարժել լեռնե՞ր. Անվտանգության կառուցում Հարավային Կովկասում» թեմայով, որի բանախոսներն են լինելու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդը։ ՀՀ վարչապետը երեկ ընդգրկված չէր այդ քննարկման բանախոսների կազմում, սակայն ուշ երեկոյան պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը ևս մասնակցելու է պանելային քննարկմանը։

Զելենսկին Ուկրաինայի թշնամի է կոչել Իրանին

Իսրայելը «համերաշխություն է հայտնում Ուկրաինային»: Այս մասին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ընթացքում հայտարարել է Կիև այցելած Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենը։

Ի թիվս այլ հարցերի՝ Զելենսկին և Քոհենը քննարկել են Իրանի հետ Ուկրաինայի և Իսրայելի հարաբերությունները։ Ըստ իսրայելական մամուլի, Զելենսկին ասել է, որ «Իրանն Ուկրաինայի և Իսրայելի ընդհանուր թշնամին է»։ Ուկրաինայի նախագահի այս հայտարարաությունը կապված է Իրանի կողմից Ռուսաստանի ԱԹՍ և այլ զինատեսակներ մատակարերլու հետ։ Իրանական զենքն օգտագործում է ուկրաինացի ժողովրդի դեմ, ասել է Զելենսկին։ Քոհենը և Զելենսկին պայմանավորվել են շարունակել միջազգային ասպարեզում Իրանի դեմ պայքարում համագործակցությունը։

Ըստ մամուլում հրապարակված տեղեկությունների, Զելենսկին անվտանգության ոլորտում Իսրայելից խնդրել է պաշտպանական օգնություն։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իսրայելը առաջիկա ամիսներին կտրամադրի հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգ։

Ուկրաինայի հաղթանակի ՆԱՏՕ-ի բանաձևը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Մյունխենի անվտանգության համաժողովում հայտարարել է, որ Ուկրաինայում երկարատև և արդար խաղաղություն հաստատելը հնարավոր է բացառապես զենքի մատակարարման միջոցով:

«Ուկրաինայում տևական և արդար խաղաղություն երաշխավորելու միակ ճանապարհը այդ երկրին ռազմական աջակցություն տրամադրելն է», – Հայտարարել է Ստոլտենբերգը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակիցներին խնդրել էր Կիևին փոխանցել ժամանակակից զենք, այդ թվում ՝ տանկեր։ Այս թեման քննարկում են ՆԱՏՕ-ի անդամները։

Ալիևն ու Միշելը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների նորմալացումը, խաղաղության պայմանագրի բանակցությունները և Բրյուսելի նախաձեռնած խաղաղության գործընթացը։

Ալիևն, ըստ նրա աշխատակազմի, ընդգծել է, որ Ադրբեջանը աջակցում է բրյուսելյան խաղաղ գործընթացին։

Միշելն, իր հերթին, հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանքերը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների և Հարավային Կովկասում կայունության ու անվտանգության ապահովման ուղղությամբ։ Նրանք խոսել են նաև Հայաստանում Եվրամիության առաքելության գործունեության մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում