Ադրբեջանի «սթրեսաթափման» օրը

Եվրատեսիլը վերջապես և բարեբախտաբար վերջացավ, և Ադրբեջանն արդեն կարող է մի փոքր շունչ քաշել: Մեր խեղճ հարևանների համար այն դարձավ իսկական անեծք, քանի որ Եվրոպական այդ մրցույթը ունքը սարքելու փոխարեն եկավ պաշտոնական Բաքվի աչքը հանեց և ուղղակի հեռացավ…

Բանն այն է, որ Ադրբեջանի իշխանությունները մեծ ջանքեր էին  գործադրել, որպեսզի աշխարհին հանձին Եվրոպայի ցույց տային իրենց վերջին տարիների գրանցած «հաջողությունները», իսկ Եվրոպացիները, իսկ ավելի կոնկրետ աշխարհի տարբեր երկրներից ժամանած լրագրողները, եկան ու գրանցեցին և այն էլ ինչպես գրանցեցին մեր արևելյան հարևանի  պատկերն իր ամբողջ գունապնակով: Ամբողջ աշխարհի հեղինակավոր պարբերականները (BBC, Euronews, The Independent, The Wall Street Journal և այլն) հոդվածներ գրեցին և նույնիսկ ծավալուն տեսանյութեր կազմեցին Ադրբեջանի` թե՛ ժողովրդավարության, թե՛ այդ գաղափարախոսության առանձին ճյուղերում գրանցած «փառահեղ» հաջողությունների մասին. Սեփականության իրավունքի խախտման բազմաթիվ դեպքեր կապված Եվրատեսիլի համերգային համալիրի կառուցման հետ, խաղաղ ցուցարարների հանդեպ կիրառվող բռնություն և ահաբեկում, քաղբանտարկյալների թվի շարունակական աճ, կոռումպացված տնտեսական և քաղաքական համակարգ, ավտորիտար քաղաքական ռեժիմ, որը հանգիստ կարելի է անվանել տոտալիտար (միանձնյա) և այլն: Կարճ ասած լրագրողները քարը քարի վրա չթողեցին և ջրի երես հանեցին այն, ինչ տարիների շարունակ փորձում էր ջանասիրաբար կոծկել «Նորին Գերազանցություն Մեծն Ալիևը»:

Մայիսի 27-ը Ադրբեջանցիները հանգիստ կարող են հռչակել հանգստյան և «ստրեսաթափման» օր: Այդ օրը Ադրբեջանը վերջապես ձեռբազատվեց այն բարոյական լծից, որը պատճառել էր իր համար այդքան անսովոր քաղաքակիրթ աշխարհը: Դե ինչ, սա թող հերթական դասը լինի մեր հարևանների համար, որ ի վերջո սկսեն ժամանակ առ ժամանակ իրականություն վերադառնալ և հասկանալ, որ նման Ադրբեջան աշխարհը հանդուրժել չի պատրաստվում և առավել ևս չի պատրաստվում մի բան էլ խրախուսել նրա ընդլայնմանը:

Հ.Գ. «Чёрный PR тоже PR»

Էրիկ Երիցյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում