«ԼՂ հիմնախնդիրը չունի ռազմական լուծման տարբերակ». Ֆրանսիայի ԱԳՆ-ը անհանգստացած է սահմանին զոհերի կապակցությամբ

Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ իր մտահոգությունը հայտնելով վերջին օրերին Տավուշի մարզի սահմանային հենակետերում տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: Times.am-ը ներկայացնում է հաղորդագրությունն ամբողջությամբ.

«Ֆրանսիան, որ նախագահում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, իր մտահոգությունն է հայտնում ծանր միջադեպերի կապակցությամբ, որ վերջին օրերին տեղի են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին և 8 զոհի պատճառ են դարձել: Ֆրանսիան խնդրում է երկու պետություններին չդիմել ուժի կիրառմանը և հստակորեն հարգել 1994-ին հաստատված հրադադարի ռեժիմը:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չունի ռազմական լուծման տարբերակ:

Կողմերը պետք է լիովին ներգրավված լինեն հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի մեջ՝ հիմնված ՄԱԿ-ի կոնվենցիայի և Հելսինկյան հիմնարար ակտի սահմանած սկզբունքների հարգման վրա, մասնավորապես՝ ուժ չկիրառելու, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների նոր հանդիպումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ նախատեսված է հունիսին Փարիզում՝ բանակցությունները շարունակելու նպատակով: Մենք աշխատում ենք այդ հանդիպման նախապատրաստման ուղղությամբ»:

Նշենք, որ վերջին օրերին ադրբեջանական կողմը շարունակ կոպտորեն խախտում է հրադադարը՝ կրակելով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա: Նախ հունիսի 1-ին թշնամու գնդակից ծնկի հատվածում վիրավորում էր ստացել Ներքին Կարմիրաղբյուրի բնակիչը՝ դաշտում աշխատելիս: Այդ դեպքի կապակցությամբ ԵԱՀԿ առաքելությունը միակողմանի արտահերթ դիտարկում կազմակերպեց տեղանքում, սակայն դրանով չբավարարվեց հակառակորդը: Հունիսի 4-ի գիշերը ադրբեջանական կողմը դիվերսիոն հարձակում էր կազմակերպել Բերդավան և Չինարի գյուղերի մոտ տեղակայված հայկական հենակետերի ուղղությամբ: Տեղի էր ունեցել մարտ, որի ընթացքում հայ զինվորները հերոսաբար պաշտպանել էին իրենց սահմանը՝ ցավոք, տալով երեք զոհ և 6 վիրավոր:

Թշնամին, սակայն, այդքանով էլ չբավարարվեց և հաջորդ գիշերը նույնպես փորձեց դիվերսիոն հարձակում կազմակերպել հայկական դիրքերի ուղղությամբ: Այս անգամ, բարեբախտաբար, հայկական ուժերն ավելի զգոն էին, և թշնամու հարձակումը միանգամից տապալվում է: Ադրբեջանական կողմը պաշտոնապես հայտարարում է 5 զոհի և բազմաթիվ վիրավորների մասին, սակայն հայկական աղբյուրների տվյալների համաձայն՝ հակառակորդն ավելի մեծ թվով զոհ է տվել: Հայկական կողմն այս անգամ ոչ մի զոհ չի ունեցել:

Երեկ ուշ երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում իրավիճակը կրկին անհանգիստ է եղել: Տևական ժամանակ կրակոցներ են տեղացել մի քանի գյուղերի ուղղությամբ, սակայն գիշերը հանդարտվել են:

Եվս մի դիվերսիոն հարձակում կանխվել է այս գիշեր արդեն ԼՂՀ ՊԲ ստորաբաժանումների կողմից: Տեղեկատվության համաձայն՝ ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդին հասցվել է նշանակալի կորուստներ: Դժբախտաբար պաշտպանական մարտերի ընթացքում կորուստներ է ունեցել նաև հայկական կողմը. մի զինծառայող զոհվել է, երկուսը՝ վիրավորվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում