Հայաստանը ճանաչում է 86․600 ք/կմ տարածք ունեցող Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. Նիկոլ Փաշինյան
Նմանատիպ
Հայաստանը ճանաչում է 86.600 ք/կմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանը, իր հերթին, հայտարարել է, որ ճանաչում է 29,800 ք/կմ տարածքով ՀՀ ամբողջականությունը։
Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկում ընթացող ԵԽ գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Երկար տարիներ ԼՂ հակամարտության առկայությունը արդարացում էր Հայաստանում ժողովրդավարության բացակայության համար: 2018-ին մեր թավշյա հեղափոխությունը պայմաններ ապահովեց ժողովրդավարական զարգացումների համար, բայց 2020-ի սեպտեմբերին Ադրբեջանը հարձակվեց ԼՂ-ի վրա, և Հայաստանը ստիպված էր ներգրավվել պատերազմի մեջ:
2020-ի նոյեմբերի 9-ին ես ստորագրեցի եռակողմ հայտարարությունը, որը պատճառ դարձավ Հայաստանում պետական ինստիտուտների վրա հարձակումների համար, բայց մենք ունակ եղանք պահպանել ժողովրդավարական կարգը»,-նշեց Փաշինյանը:
Նա հավելել է, որ 2021-ի ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ՝ մայիսի 12-ին, Ադրբեջանը ներխուժել է Հայաստանի տարածք: Փաշինյանը նկատել է, որ 2021 թվականի արտահերթ ընտրություններում իրենք առաջ են մղել խաղաղության օրակարգը և հաջողության են հասել, բայց այդ խաղաղության օրակարգը ևս հարձակման է ենթարկվել, Ադրբեջանը 2021-ի նոյեմբերին և 2022-ի սեպտեմբերին կրկին ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք:
Փաշինյանի խոսքով, 2022-ի հոկետեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև համաձայնություն է կայացել, ըստ որի կողմերը կարգավորում են իրենց հարաբերությունները՝ հիմք ընդունելով 1991-ի Ալմա Աթայի հռչակագիրը, որով Խորհրդային Հայաստանի և Խորհրդային Ադրբեջանի վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:
Նա հավելեց, որ երեք օր առաջ Բրյուսելում ավելի են առաջ գնացել և նշվել է, որ Հայաստանը ճանաչում է 86.600 ք/կմ տարածք ունեցող Ադրբեջանի ամբողջականությունը, Ադրբեջանը, իր հերթին ճանաչում է 29,800 ք/կմ տարածքով ՀՀ ամբողջականությունը:
Փաշինյանը նաև հայտարարել է, որ անհրաժեշտ է Բաքվի և Ստեփանակերտի միջև միջազգային մեխանիզմների ներքո բանակցություններ սկսվեն՝ նպատակ ունենալով ապահովել ԼՂ հայերի անվտանգությունը և մարդու իրավունքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում