Ուշադրության կենտրոնում․ Կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովը

Ուշադրության կենտրոնում․ Կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովը

Հունիսի 1-ին Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևից 35 կմ հեռավորության վրա գտնվող 19-րդ դարի «Միմի» ամրոցում կայացավ Եվրոպական քաղաքական համայնքի 2-րդ գագաթնաժողովը։

Այս ընդգրկուն քաղաքական գագաթնաժողովին մասնակցեցին 46 պետությունների ղեկավարներ, որոնց թվումին նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Մասնակցում էր նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։

Տարածաշրջանային առաջնորդներից բացակայում էին Վլադիմիր Պուտինը․ հիշեցնենք, որ դեռևս անցած մարտ ամսին  Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահին կալանավորելու օրդեր է տվել։

Բացակա էր նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը, ով բառացիորեն օրեր առաջ վերընտրվել է այդ երկրի նախագահի պաշտոնում։

Գագաթնաժողովի շրջանակում երեկ տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնգակողմ հանդիպումը:

«Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը, երկու երկրների միջև սահմանազատման և սահմանային անվտանգության ապահովման աշխատանքներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համաձայնագրին, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հասցեագրման անհրաժեշտությանը, ինչպես նաև գերիների, անհետ կորածների և այլ հումանիտար խնդիրներին վերաբերող հարցեր:

Հուլիսի 21-ին նախատեսվում է ՀՀ վարչապետի, ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի հանդիպումը Բրյուսելում»,- ասված է ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հաջորդ հանդիպումը կկայանա հուլիսի 21-ին Բրյուսելում

Գագաթնաժողովին մասնակցում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա իր ելույթում հանդիմանեց, որ ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու Ուկրաինայի հույսերը մարում են։ «Կիևը հույս ունի ՆԱՏՕ-ին անդամակցելու հստակ հրավեր ստանալ հուլիսին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում»,-ասել է Զելենսկին։

Ուկրաինայի հետ պատերազմում մենք Ռուսաստանի դաշնակիցը չենք

Այս մասին CNN primanews հեռուստաընկերությանը  տված հարցազրույցում (ներկայացվել է պաշտոնական թարգմանությամբ) ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին ու Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությանը։

«Եվ մեր զգացումն այդ պատերազմից, այդ հակամարտությունից՝ անհանգստություն է, որովհետև դա ուղիղ ազդում է մեր բոլոր հարաբերությունների վրա»,- հավելել է Փաշինյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում