ԱՄՆ-ը վերադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ․ Պաշտոնական
Նմանատիպ
Հուլիսի 11-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պաշտոնապես վերադարձել է ՅՈՒՆԵՍԿՕ (ՄԱԿ-ի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն) հինգ տարվա բացակայությունից հետո։
«Սա հիանալի նորություն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համար, այն թափը, որը մենք ստացել ենք վերջին տարիներին, այժմ կշարունակի աճել»,- ասել է Ազուլեն։
Կազմակերպությունից հայտնել են, որ հուլիսի վերջին սպասվում է դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն՝ VIP հյուրերի մասնակցությամբ։
Սույն թվականի հունիսի սկզբին Միացյալ Նահանգները ՅՈՒՆԵՍԿՕ-ին ծանուցել էր կրկին անդամ դառնալու իր որոշման մասին։ Դեռևս 2022թ դեկտեմբերին ԱՄՆ Կոնգրեսը հաստատել էր ավելի քան 500 միլիոն դոլարի հասնող ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամակցության պարտքերը մարելու մասին որոշումը։ ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների գծով տեղակալ Ռիչարդ Վերման նամակ էր ուղարկել ՄԱԿ-ի մշակութային գործակալությանը, ներառյալ՝ Վաշինգտոնի պարտքը վճարելու ծրագիրը: Այս մասին հայտնել էր Axios-ը։
AP գործակալության խոսքով՝ այս որոշումը կայացվել է մտավախությունների պատճառով, որ Չինաստանը կզբաղեցնի ԱՄՆ-ի տեղը՝ որպես կազմակերպության ղեկավար։ ԱՄՆ-ի վերադարձից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմում կլինեն 194 երկիր։
Հիշեցնենք, որ 2017թ-ին ԱՄՆ-ը դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից «հակաիսրայելական դիրքորոշման» պատճառով։
Այն բանից հետո, երբ 2011 թվականին Պաղեստինը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիիրավ անդամ, նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը դադարեցրեց կազմակերպության ֆինանսավորումը։ 2017 թվականի հոկտեմբերին Դոնալդ Թրամփը, ՅՈՒՆԵՍԿՕ-ին մեղադրելով «հակաիսրայելական դիրքորոշման մեջ», հայտարարեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի կազմից դուրս գալու մասին։ Դրանից անմիջապես հետո Իսրայելը նույնպես դուրս եկավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից։
Հետևեք մեզ նաև Telegram-ում