ԱՄՆ-ը և Ուկրաինան այս շաբաթ կսկսեն բանակցություններ անվտանգության երաշխիքների շուրջ

ԱՄՆ-ը և Ուկրաինան այս շաբաթ կսկսեն բանակցություններ անվտանգության երաշխիքների շուրջ

ԱՄՆ-ի վարչակազմը հաստատել է, որ ԱՄՆ-ը և Ուկրաինան այս շաբաթ կսկսեն բանակցություններ Վաշինգտոնի կողմից Կիևի անվտանգության երաշխիքների շուրջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։

«Այս բանակցությունները կսկսվեն այս շաբաթ»,- երկուշաբթի՝ հուլիսի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։ Նա նշել է, որ բանակցությունները տեղի կունենան վիրտուալ ձևաչափով։

«Ամերիկյան կողմից բանակցային պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալը»,- ասել է Միլլերը։

Միլլերը չի պատասխանել այն հարցին, թե արդյոք նախատեսվում է Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ, ինչպիսին Իսրայելն ունի։ «Ես չէի ցանկանա մեկնաբանել բանակցությունների հնարավոր արդյունքները մինչ դրանց սկսվելը»,- ասել է նա։

Պետքարտուղարության խոսնակը նշել է, որ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցություններն ընթանալու են Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում G7 երկրների ստանձնած պարտավորությունների համաձայն։

Միլլերը նաև նշել է, որ այդ երաշխիքները չեն փոխարինում ԱՄՆ ռազմական օգնությունն Ուկրաինային։ «Նախագահ Ջո Բայդենը և «Մեծ յոթնյակի» ղեկավարներն ասել են, որ մտադիր են բանակցություններ վարել Ուկրաինայի կառավարության հետ անվտանգության երկարաժամկետ պարտավորության շուրջ, որպեսզի Ուկրաինան կարողանա բանակ կառուցել, որը կարող է պաշտպանել իրեն և կանխել ապագա հարձակումներն ու վերականգնել տնտեսությունը, պաշտպանել իր քաղաքացիներին և առաջ շարժվել եվրաատլանտյան համայնքին ինտեգրվելու ճանապարհով»,- ընդգծել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում